Թող իրենց կոտրած ձեռքով Պրահայում թուղթ չստորագրեին. ԱԺ նախագահի լեզվից ո՞վ էր քաշել.Գեղամ Մանուկյան

«Ադրբեջանն ամեն օր ավելի սանձարձակ է դառնալու, քանի դեռ համապատասխան հակազդեցություն չի ստացել»,- Այսօր Ազգային (ԱԺ) ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Լիսագոր-Ստեփանակերտ ճանապարհի՝ Ադրբեջանի կողմից փակվելուն:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձելու է բարոյական, հոգեբանական ճնշումներ գործադրել ու հասնել ռազմավարական առավելության:

«Այս օրերին թափուր է հայ-ռուսական համատեղ հրամանատարի պաշտոնը: Այս օրերին Զինված ուժերում ամիսներով թափուր են մնում կարևորագույն պաշտոններ: Սրանք դետալներ են, որոնք կարևորագույն նշանակություն են ունենում պաշտպանունակության վրա»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ ցավալիորեն պետք է արձանագրել, որ հայկական կողմի պոռոտախոսությունն իր ծանր հետևանքներն է ունենում, այդ թվում՝ նաև Արցախում գտնվող որոշ նախկին պաշտոնյաների՝ կապված շրջափակման ոչ լիարժեքության հետ, իրենց ազդեցությունն ունենում են:

Կարդացեք նաև

«Սրանք հարցեր են, որոնք անվտանգային տարր են պարունակում, և այստեղ պարտականություն ունեն բոլորը՝ սկսած ԶԼՄ-ներից: Ցանկացած հայ պետք է հասկանա, թե ինչ հետևանք կարող է ունենալ իր հրապարակած տեղեկատվությունը»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանի կողից Հռոմի ստատուտի՝ սահմանադրական ճանաչելուն, և այդ համատեքստում հայ հանրության մեջ վերջին օրերին ընթացող, ըստ նրա, հիմարագույն քննարկմանը, որի կարևոր դերակատարները Հայաստանի իշխանավորներն են: Խոսքը գնում է Հաագայի քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ կայացված վճռին ու դրա՝ Հայաստանում իրագործմանը:

«Նման անզգույշ, վտանգավոր հայտարարությունների հետևանքը կրում են ոչ թե այդ իշխանավորներն անձնապես, այլ հայ ժողովուրդը, արցախահայությունը… Այս օրերին Հայաստանի իշխանավորները պարտավոր են ամենօրյա շփումների մեջ լինել ՌԴ ղեկավարության հետ, այլ ոչ թե խաղեր խաղալ: Ո՞վ էր ԱԺ նախագահի լեզվից քաշել, որ նման հարցերի շուրջ ոտքի վրա հայտարարություններ անի, հետո էլ գնա, մարզվի, ընկնի, ձեռքը կոտրի»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Խոսելով Ստեփանակերտ-Բաքու իբր երկխոսության հնարավորության մասին, պատգամավորն ասաց՝ ոչ ոք չէր խնդրում, որ Պրահայում փաստաթուղթ ստորագրեին:

«Թող իրենց կոտրած ձեռքով Պրահայում փաստաթուղթ չստորագրեին»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս