Եթե Ալիևը փախստականներին մխրճեց Հայաստան, մի կրակոցով 2 նապաստակ է սպանելու. Մարիամ Ավագյան
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 22-ին Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ, խոսելով փախստականների վերադարձի ուղղությամբ Հայաստանի վարած քաղաքականության մասին, նշեց.
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից գրեթե անմիջապես հետո ԱԳՆ-ն աշխատել է ՄԱԿ-ի փախստականների հարցով հանձնակատարի հետ՝ ապահովելու համար փախստականների վերադարձը ԼՂ այն տարածքներ, որոնք հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո»։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը լսելով Արարատ Միրզոյանի հնչեցրած տեղեկության և փախստականների խնդրի ուղղությամբ իրականացրած քայլերի մասին, Միրզոյանին հեռակա հարց ուղղեց.
«ՄԱԿ-ի հանձնակատարի հետ այդ ինչի՞ մասին եք խոսում՝ առանց փախստականներիս հետ որևէ քննարկում անելու։ Օրինակ՝ ՄԱԿ-ը ապահովելո՞ւ է, որ ես՝ Մարիամ Ավագյանս, վերադառնամ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք։
Արարատ Միրզոյանն իմ կողքը կարողանալո՞ւ է ՄԱԿ-ի զինվոր կանգնեցնել՝ այն էլ ավտմատը ձեռքին բռնած, որ իմ ֆիզիկական անվտանգությունն ապահովվի։ Պատկերացնո՞ւմ եք՝ հայտնվեմ Բանանցում, ՄԱԿ-ի քանի զինվոր պետք է լինի, որ իմ անվտանգությունն ապահովի»։
Ավագյանի պնդմամբ՝ Հայաստանի իշխանությունը չունի փախստականների վերադարձի վերաբերյալ պետական ռազմավարություն, թեև հենց առաջինը դա էր անհրաժեշտ. պետությունը պետք է հասկանա, թե փախստականների հարցով ի՞նչ է ուզում անել, պետք է հասկանա նաև Ալիևից եկող սպառնալիքները, որովհետև, եթե Ալիևը Հայաստան մխրճեց ադրբեջանցի փախստականներին, ապա մի կրակոցով երկու նապաստակ է սպանելու։
«Մի կրակոցով՝ երկու նապաստակ, որովհետև հայտարարում է որ իր փախստականները վերադառնում են ոչ թե Հայաստան, այլ «Արևմտյան Ադրբեջան», ինչը շատ ծանր է լինելու մեզ համար»,- ասաց Ավագյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։