Մոլդովայում ռումիներենը պետական լեզու ճանաչող օրենքն ուժի մեջ է մտել
Մոլդովայում այսօր ուժի մեջ է մտել պետական լեզուն ռումիներենի վերանվանելու մասին օրենքը, որն այսօր հրապարակվել է երկրի «Պաշտոնական տեղեկագրում»:
Այս մասին հաղորդում է ,РИА Новостиե-ն։ Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հաստատել էր օրենքը, որը մոլդովերենի փոխարեն ռումիներենն Է ճանաչում որպես հանրապետության պետական լեզու։
Մոլդովայի խորհրդարանն անցած հինգշաբթի օրը 58 ձայնով հավանություն էր տվել պետական լեզուն մոլդովերենից ռումիներենի վերանվանմանը։ Հաստատված օրենքի համաձայն՝ «մոլդովերեն լեզու» բառերը ցանկացած քերականական ձևով փոխարինվում են «ռումիներեն լեզու» բառակապակցությամբ: Դեռ ավելին, փոփոխությունը մտցվելու Է նույնիսկ Սահմանադրության մեջ, թեև դրա համար սովորաբար հանրաքվե է անհրաժեշտ։
Մոլդովայում պետական լեզվի անվանման շուրջ վեճերը չեն հանդարտվում 1989 թվականից, երբ ՄՍՍՀ Գերագույն խորհուրդը հավանություն տվեց, որ մոլդովերենում կիրիլիցայից անցնեն լատինատառի։ Ներկայում, Սահմանադրության համաձայն, երկրում պետականը «մոլդովերեն լեզուն» է, որը գործում է լատինական տառագրության հիման վրա»։
Նախօրյակին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել էր Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բոգդան Աուրեսկուի հայտարարություններն այն մասին, որ մոլդովերենը «Խորհրդային Միության կողմից ստեղծված արհեստական կառույց Է»։
Դիվանագետն ընդգծել է, որ մոլդովերենը որպես ժամանակակից պետականության լեզու Մոլդովայի բնակիչների ինքնանույնականացման խորհրդանիշն է։ Նրա խոսքով՝ Քիշնևի կառավարությունը, հրաժարվելով մոլդովերենից, բարձրացնում է Բեսարաբիայի պատկանելության հարցը։ Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը Զախարովայի մեկնաբանությունը որակել է որպես հանրապետության ներքին գործերին միջամտություն։