Նունե Սարգսյանի գիրքը ներկայացվելու է Բոլոնիայի համալսարանի գրադարանի մանկական բաժնում
Ամեն տարի գարնանն իտալական Բոլոնիա քաղաքում անցկացվող մանկական գրքերի տոնավաճառին Հայաստանից այս տարի մասնակցել են Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը՝ մանկագիր Նունե Սարգսյանը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Բոլոնիայի գրքի տոնավաճառն աշխարհում մանկական գրականության ամենամեծ գրքի շուկան է, որտեղ ներկայացվում են տարբեր երկրների մանկական գրականությունն ու նկարազարդումները:
Բացի տոնավաճառի հիմնական միջոցառումներից, հայկական պատվիրակությունն այցելել է նաև Բոլոնիայի համալսարան: Տասնմեկերորդ դարում (1066թ.) հիմնված այս կրթօջախը համարվում է Եվրոպայի մշտապես գործող ամենահին համալսարանը։ Այն ընդգրկված է աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունների շարքում: Այստեղ գործում է հայոց լեզվի և գրականության ամբիոն, իսկ գրադարանում պահվում են հայ գրքերի ու ձեռագրերի բացառիկ նմուշներ:
Հայկական պատվիրակության անդամները հանդիպել են Բոլոնիայի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Աննա Շիրինյանի հետ, նրա ուղեկցությամբ այցելել համալսարանի գրադարան: Մատենագիտության և արխիվի տնօրեն դոկտոր Ջիակոմո Ներոցցին պատմել է այստեղ պահվող հայ հնատիպ գրքերի ու ձեռագրերի, հայ գրական ժառանգության եզակի նմուշների մասին։ Նա ներկայացրել է հայերեն առաջին տպագիր գրքերի բացառիկ օրինակները, ինչպես նաև Երեմիա Չելեպի Քյոմուրճյանի՝ հայոց վանքերի ու սրբավայրերի հայտնի քարտեզը (1691 թ.)։
Բոլոնիայի համալսարանի գրադարանն ունի նաև մանկական գրքերի բաժին։ Նունե Սարգսյանի 10-ամյա թոռնուհին՝ Սավաննա Սարգսյանը, գրադարանին է նվիրել «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի իտալերեն թարգմանությունը: Գիրքը, որի համահեղինակն ու նկարազարդումների հեղինակը Սավաննան է, կներկայացվի գրադարանի՝ նոր ստացված գրքերի շարքում: