ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանի հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ ուկրաինական հակամարտությանը վերջ տալու նպատակով Վաշինգտոնը բաց է Մոսկվայի հետ կառուցողական դիվանագիտության համար։ Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը, Բլինկենն այս մասին ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած հանդիպման ժամանակ:
ԱՄՆ պետքարտուղարի համոզմամբ՝ երկրի իշխանությունները կգնան այդ քայլին, եթե Ռուսաստանի կողմից նշաններ տեսնեն, որ Մոսկվան նույնպես միտված է և պատրաստ կառուցողական երկխոսության։ Նրա խոսքով՝ նման հնարավորության դեպքում ԱՄՆ-ն կօգտագործի այն։
Բլինկենը միևնույն ժամանակ շեշտել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի կողմից պատերազմն ավարտելու պատրաստակամության նշաններ չի տեսնում։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը Նյու Դելիում կայացած «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպում էր ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Վերջինս զրույցը կառուցողական էր որակել՝ նշելով, որ հանդիպման ընթացքում զրուցել են առանց նախապայմանների։
«Դետք» տելեգրամային ալիք