Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ
ՌԴ խաղաղապահները երեք երթուղով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:
Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը տվյալ փաստի առնչությամբ քննություն են անցկացնում», – նշված է հաղորդագրության մեջ։
ՌԴ խաղաղապահները 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:
«Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել։ Ապահովվել է Գորիս – Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը», – նշել են նախարարությունում։
Խաղաղապահները Ստեփանակերտում մարդասիրական ակցիա են իրականացրել և անապահով ու բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ են տրամադրել: