Բաժիններ՝

Պետությունն է որոշում՝ ինչպես արդյունավետ օգտագործել հանրային ֆինանսները. Ժաննա Անդրեասյանը՝ «Գոյ» թատրոնը Սունդուկյան թատրոնին միացնելու որոշման մասին 

«ՊՈԱԿ-ը չպետք է գա ասի՝ իրենք լավ պայմաններ ուզո՞ւմ են, թե՞ ոչ։ ՊՈԱԿ-ը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, ֆինանսավորվում է պետության կողմից, և պետությունն է որոշում՝ ինչպես արդյունավետ օգտագործել հանրային ֆինանսները»,- պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսի ընթացքում խոսելով «Գոյ» թատրոնի լուծարման և Սունդուկյան թատրոնին միացնելու որոշման շուրջ առաջացած դժգոհություններից ու քննադատություններից՝ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը մանրամասնեց, որ չկա որևէ տրամաբանություն՝ նույն շենքում տեղակայված երկու միավորների համար ունենալ երկու առանձին ադմինիստրացիա։

«Ոչ մեկի աշխատանքը չի դադարեցվում, «Գոյ» թատրոնը պետք է շարունակի գործել, խոսքը վերաբերում է ընդամենը վարչական միավորները միավորելու մասին, ու սա «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմի համար ստեղծում է նոր հնարավորություններ։ Հիմա իրենք գտնվում են մի պայմաններում, որտեղ իրենց բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ այդ աշխատանքն արդյունավետ չէ։ Մեր բոլոր թատերահամերգային կազմակերպությունները վերջին տարիներին սեփական եկամուտների աճ են գրանցում, «Գոյ» թատրոնը չկա դրանց շարքում։ Իրենք չեն կարողանում կատարել նույնիսկ սեփական եկամուտների այն ցուցանիշը, որը հենց իրենք են առաջարկում ու պլանավորում տարվա սկզբին: Այստեղ ունենք արդյունավետ կառավարման խնդիր:

Ինչ վերաբերում է ստեղծագործական գործունեությանը, ապա դրան ոչինչ չի սպառնում: Ավելին, մարդկանց տրվում է հնարավորություն, որ եթե հիմա տվյալ բեմը օգտագործելու տարբերակ ունեն, կարողանան օգտվել նաև Սունդուկյան թատրոնի բոլոր ենթակառուցվածքներից, հնարավորություններից՝ պահպանելով իրենց անունը, առանձին գոյությունը և ստանալով հնարավորություն՝ պետական բյուրոկրատիայից դուրս զբաղվելու փորձարարությամբ, ինչին իրենց անունով իսկ կոչված են: Ինձ համար տարօրինակ է «պայքարելու են մինչև վերջ» արտահայտությունը, որովհետև ՊՈԱԿ-ն ընդամենը վերակազմավորվում է, և այստեղ որևէ պայքարի տրամաբանություն, իմաստ չեմ տեսնում»,- նշեց նախարարը։

Կարդացեք նաև

Ժաննա Անդրեասյանը հավելեց, որ պատրաստ են թատրոնի անձնակազմին ևս մեկ անգամ մանրամասն բացատել գործունեության հեռանկարները:

Տեսանյութեր

Լրահոս