ԼՂ-ում ինչ-որ նոր առաքելություն տեղակայելու համար պետք է և՛ Երևանի, և՛ Բաքվի համաձայնությունը, իսկ դա չկա. Զախարովա

«Ռուս խաղաղապահները ԼՂ-ում իրականացնում են իրենց պարտավորությունները»,- այս մասին այսօր լրագրողների հետ բրիֆինգի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ կարծիք հայտնելով Երևանի առաջ քաշած՝ ԼՂ-ում միջազգային խաղաղապահներ տեղակայելու առաջարկի մասին:

Նա նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի երեք երկրների ղեկավարների հայտարարության համաձայն՝ ԼՂ-ում տեղակայված է ռուսական խաղաղապահ կոնտինգենտ:

«Մեր խաղաղապահները նախաձեռնում են հետևողական ջանքեր ռեգիոնում կայունության և անվտանգության, էսկալացիայի կանխարգելման համար: Իսկ շատ բան կախված է կողմերի քաղաքական տրամադրվածությունից ու կամքից: Կարևոր է, որպեսզի նրանք հետևեն բոլոր պայմանավորվածությունների կատարմանը, քանի որ դրանք ուրվագծել են հայ-ադրբեջանական կարգավորման ճանապարհային քարտեզը»,- ասաց Զախարովան:

Ինչ վերաբերում է ինչ-որ նոր առաքելությանը, ապա, նրա խոսքով, դրա համար հարկավոր է՝ ինչպես Երևանի, այնպես էլ՝ Բաքվի համաձայնությունը:

«Իսկ դա մենք մինչ այսօր դեռ չենք տեսել, այսինքն՝ երկու կողմերի համաձայնություն»,- նկատեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս