«Մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու շուրջ». Արարատ Միրզոյան

Այսօր ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե Հայաստանն ի՞նչ դիրքորոշում ունի Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ, որի մասին օրերս կրկին խոսել էր Ադրբեջանի նախագահն ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Հայաստանն այս հարցը կարո՞ղ է դիտարկել, առհասարակ ո՞րն է մեր դիրքորոշումը»,- հարցրեց ՔՊ-ական պատգամավորը։

Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ Հայաստանը համարում է, որ Լաչինի միջանցքի և նրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են և կարգավորումները տեղ են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։

«Ըստ այդմ, Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ, և Ադրբեջանը երաշխավորում է այդ միջանցքով երկկողմ անխափան երթևեկությունը, մարդկանց, բեռների և ընդհանրապես։ Սա ամրագրված ռեժիմ է, պայմանավորվածություն է, և մենք այստեղ պիտի արդեն կասկած հայտնենք ընդհանրապես հետագա բանակցությունների նպատակահարմարության վերաբերյալ։ Այսինքն՝ ինչ նպատակ կա, օրինակ, այլ հարցերի շուրջ ձեռք բերել պայմանավորվածություններ, եթե դրանք որոշ ժամանակ հետո անպայմանորեն խախտվելու են Ադրբեջանի կողմից, և Ադրբեջանն այս նույն հարցի շուրջ հանդես է գալու նոր ու ավելի կոշտ պահանջներով։ Ոչ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս