«Մենք կրկին ստացել ենք ադրբեջանական առաջարկներ». Արարատ Միրզոյան
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հարց ուղղեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ նշելով, որ Ալիևն ուղերձներ է հնչեցնում, որոնք ընկալվում են՝ որպես սպառնալիքներ ՀՀ տարածքի նկատմամբ։
«Միևնույն ժամանակ գիտենք, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ իր հերթական ուղերձներն է ուղարկել։ Կցանկանայի ձեր դիրքորոշումն արտահայտեիք այս ամբողջ գործընթացի վերաբերյալ»,- ասաց իշխանական պատգամավորը։
Արարատ Միրզոյանը նշեց, որ երևույթը, որի մասին պատգամավորը խոսում է՝ նոր չէ։ «Մի կողմից ընթանում է բանակցային գործընթաց, ինչպես, օրինակ, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացն է, մյուս կողմից էլ՝ տեսնում ենք իրականության մեջ Ադրբեջանի ավելի սրվող հռետորաբանությունը, և՛ սպառնալիքները, և՛ ինչպես ասում են՝ գետնի վրա ագրեսիվ գործողությունները։ Դրան ականատես ենք եղել սեպտեմբերի 13-14-ին, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, ականատես ենք եղել և դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի փակմամբ և, ըստ այդմ էլ, Լեռնային Ղարաբաղի շրջափակմամբ։ Եվ այս երևույթը, ցավոք, շարունակվում է։ Ավելին՝ վերջին օրերին, ես կասեի՝ էլ ավելի է սրվել թե՛ հայատյացության քարոզը, թե՛ ուղղակի սպառնալիքները։ Եթե հիշում եք, Ադրբեջանի նախագահը նույնիսկ ասաց, որ խաղաղության պայմանագիր չի լինելու, Հայաստանում իրենց 29.000 քկմ տարածքի վրա հանգիստ չեն ապրելու, եթե ամբողջությամբ Ադրբեջանի պայմանները չընդունեն։ Այս ուլտիմատիվ կեցվածքը, հռետորաբանությունը կա։ Եվ միևնույն ժամանակ բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են, մենք կրկին ստացել ենք ադրբեջանական առաջարկներ, աշխատում ենք դրանց վրա, և առաջիկայում, բնականաբար, կլինի մեր արձագանքն ու առաջարկները»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Ըստ նրա, ավելորդ է ասել, որ Ադրբեջանի հռետորաբանությունը և ագրեսիվ կեցվածքը ոչ միայն չեն նպաստում խաղաղության գործընթացին, այլև նոր-նոր խոչընդոտներ են ստեղծում այդ ճանապարհին։
«Մենք հաստատակամ ենք, մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք համառորեն շարունակելու ենք և անկեղծորեն շարունակելու ենք բանակցել՝ նպատակ ունենալով տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատել»,- հավելեց Արարատ Միրզոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում