«Ազերիները ձգտում են արագացնել «խաղաղության պայմանագրի» ստորագրումը՝ իրենց պայմաններով. կլինեն տարբեր սահմանային միջադեպեր». Վահե Դավթյան
Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Առաջիկա օրերին մեծ բախման մասին հիմնականում գրում են՝
– ազերպրոպը,
– Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսին պատկանող տելեգրամյան ալիքները.
Ընդ որում երկուսն էլ գրում են ռուսերեն լեզվով՝ քաջ գիտակցելով, որ դա լայն տարածում կստանա Հայաստանում:
Գիտե՞ք՝ սա ինչ է նշանակում:
Եթե հակիրճ, ապա հետևյալը.
Ազերիները ձգտում են արագացնել «խաղաղության պայմանագրի» ստորագրումը՝ իրենց պայմաններով: Դրա ֆոնին կլինեն տարբեր սահմանային միջադեպեր: Կոշտ հռետորաբանություն: Միրջազգային իրավունքի տիրույթում հակահայկական տարբեր նախաձեռնություններ:
Ու այդ ամենին փորձում է տեղեկատվական դաշտում դիմակայել Իրանը, որի նպատակն է ոչ թե «տարածաշրջանում սահմանների անփոփոխ լինելը», այլ թուրք-ադրբեջանական տանդեմին հակակշիռ ստեղծելով՝ առանձին սեփական շահերի առաջխաղացումը: Օրինակ, Թուրքիայում ստեղծվող խաբի միջոցով գազի արտահանումն ապահովելը դեպի Արևմուտք: Կամ էլ Ադրբեջանի տարածքով Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ձևավորումը:
Ի դեպ, տեղեկացնեմ, որ «թուրքերի ու ազերիների դեմ պատերազմի պատրաստվող» Իրանը առաջիկա ամիսներին Մոսկվայի ու Բաքվի հետ պայմանագիր է ստորագրելու Հյուսիս-Հարավ միջազգային լոգիստիկ միջանցքը ձևավորելու վերաբերյալ: Դրա մասին արդեն հայտարարել է Մոսկվան:
Դրան զուգահեռ ակտիվորեն սինխրոնիզացվում են Ռուսաստան-Ադրբեջան-Իրան էլեկտրաէներգետիկ համակարգերը: Այլ կերպ ասած՝ Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի լոգիստիկայի շուրջ ևս կա կոնսենսուս:
Դրան զուգահեռ ադրբեջանական բիզնեսը խորապես ներգրավված է Կասպից ծովի իրանական հատվածում երկարաբանական-հետախուզական աշխատանքներում:
Դրան զուգահեռ Իրանն ու Ադրբեջանը համատեղ կառուցում են տարաշարջանի խոշորագույն հիդրոօբյեկտները՝ «Խուդաֆերինը» և «Ղըզ Ղալասին»:
Դրան զուգահեռ՝ Իրանը շարունակում է տնօրինել Ադրբեջանի առանցքային հանքավայրերի խմբի՝ «Շահ Դենիզի» 10%-ը:
Շարունակե՞մ:
Թերևս, այսքանն էլ է բավական իրավիճակը ճիշտ գնահատելու համար: Նշեմ միայն, որ համագործակցության նշված ուղղությունների մեծ մասը հատկապես ակտիվացվել են 2020թ. պատերազմից հետո»։