Թուրքիայում ուղիղ եթերի ժամանակ սկանդալ է եղել իշխանամետ և ընդդիմադիր փորձագետների միջև
Ermenihaber. Թուրքական «HaberTürk TV»-ով հեռարձակվող «Պարզ և հստակ» ծրագրի հաղորդումներից մեկը սկանդալի պատճառ է դարձել։
Հաղորդմանը հեռակա ձևաչափով հրավիրված մի քանի մասնակից քննարկել են գալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Քննարկումների ընթացքում իշխանամերձ «Optimar» հետազոտական կենտրոնի տնօրեն Հիլմի Դաշդեմիրի և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) ներկայացնող Սարըի միջև բանավեճ է սկսվել։
Դաշդեմիրը, խոսելով «Վեցյակի սեղան» ընդդիմադիր դաշինքի առաջադրած նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության գրասենյակ կատարած այցի մասին, ասել է, որ Քըլըչդարօղլուն ըստ էության «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և ԺԴԿ-ի թեկնածուն է։ ԺՀԿ-ի ներկայացուցիչը հակադարձել է և լարվածությունը սրվել է։
Նշենք, որ պաշտոնական Անկարան ՔԲԿ-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն։
Չնայած հաղորդավարուհու սաստումներին և լռելու կոչերին՝ Դաշդեմիրը շարունակել է խոսել, որից հետո, նյարդայնանալով ու ցտեսություն ասելով, լքել է տաղավարը։