Շատ հաճախ հարցի հրատապությունը պահանջում է շատ հրատապ գործել. Եղիշե Կիրակոսյան
Ազգային ժողովի՝ այսօր մեկնարկած հերթական քառօրյայի ժամանակ քննարկվում էր նաև կառավարության կողմից ներկայացված «Միջազգային իրավական համագործակցության հարցերով ներկայացուցչի» մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը Միջազգային իրավական համագործակցության հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էր:
«Խոսքը գնում է մի քանի խումբ փոփոխությունների մասին: Նախ օրենքով ավելի հստակ են ամրագրվում Ներկայացուցչի մի շարք լիազորություններ՝ մասնավորապես, կապված Եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և Արդարադատության միջազգային դատարան ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին դիմումներ ներկայացնելու հետ»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:
Ըստ նրա՝ թեպետ նշված գործընթացների կանոնակարգումը կա նախատեսված, բայց շատ հաճախ հարցի հրատապությունը պահանջում է շատ հրատապ գործել, և այս հարցով կառավարության որոշման ընդունումը կհետաձգի գործընթացը, հետևաբար՝ անհրաժեշտություն կար օրենսդրական փոփոխությամբ հարցը լուծելու:
«Ամեն դեպքում հայց ներկայացնելիս միշտ կառավարության որոշումը պարտադիր է, սակայն հրատապ միջանկյալ միջոց կիրառելու համար լիազորությունը ֆիքսում ենք Միջազգային իրավական համագործակցության հարցերով ներկայացուցչի լիազորությունների տիրույթում»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ 2-րդ խումբ փոփոխությունները վերաբերում են Հաշտության համաձայնություններով օտարերկրյա դատարաններում և Արբիտրաժային տրիբունալներում ընթացող վեճերը հանգուցալուծելու գործընթացին:
«Այս հարցով էլ նախատեսում ենք կառավարության համար նախատեսել որոշում ընդունելու լիազորող նորմ, որով կառավարությունը նման հաշտության համաձայնագրերը ստորագրելուց առաջ իր որոշմամբ կհաստատի հաշտության համաձայնությունը»,- նշեց Ներկայացուցիչը:
Փոփոխությունների 3-րդ բլոկը, ըստ նրա, վերաբերում է միջազգային դատարաններ, ՄԻԵԴ վճիռների կատարման դեպարտամենտ և միջազգային արբիտրաժային կենտրոններ մասնագետներ, իրավաբաններ գործուղելու իրավասությանը:
«Առաջարկվում է այդ մասնագետներին գործուղել վարչապետի որոշման հիման վրա»,- եզրափակեց Եղիշե Կիրակոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: