5-րդ շարասյան մասին խոսում են` հնարավոր էսկալացիայի ժամանակ մեղավորներ նշանակելու համար. Աննա Գրիգորյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը վստահեցնում է՝ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններն անհնար է ներկայացնել դասական տրամաբանությամբ, քանի որ ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը դասական վիճակում չեն, սակայն դա չի խանգարում ընդդիմությանը, որ բարձրաձայնի այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են երկրի անվտանգությանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով իշխանություն-ընդդիմություն պայքարի և արձանագրված արդյունքների մասին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նաև ընդունեց՝ թեև ընդդիմությունը շարունակում է բարձրաձայնել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային լրջագույն վտանգների մասին, այդուամենայնիվ դեռ չի հաջողվում փոխել իրավիճակը գետնի վրա։
«Այսօր ընդդիմությունը ցավալիորեն չունի ռեսուրս, չի կարողանում փոխել վիճակը, բայց նաև պետք է ընդունել, որ խորհրդարանական ընդդիմությունը միայնակ չի էլ կարող հասնել այս իշխանության փոփոխությանը։
Անհրաժեշտ է, որ տեղի ունենա ընդդիմադիր ուժերի միջև համախմբում։ Պետք է ձևավորվի մեկ միասնական ճակատ՝ օրվա իշխանությանը հեռացնելու խնդրով։
Շեշտում եմ՝ միայն խորհրդարանական ընդդիմությունը չի կարող իրողությունները փոխող արձանագրում անել, բայց, միևնույն ժամանակ, սխալ է ասել, թե ընդդիմությունը ոչինչ այդ ուղղությամբ չի անում, թեև կա նաև քաղաքական ռեսուրսի մաշեցման վտանգ. դա կա, անկախ նրանից՝ իշխանությո՞ւն ես, թե՞ ընդդիմություն»,- ասաց Գրիգորյանը։
Պատգամավորը համաձայն է նաև այն տեսակետի հետ, որ ընդդիմությանը մինչև հիմա չի հաջողվել հեռացնել Փաշինյանին իշխանությունից, որովհետև դեռ չի հայտնվել մի ընդդիմադիր առաջնորդ, որը կասեր՝ ես եմ այն մարդը, որը կփոխարինի Փաշինյանին։
«Մեր պայքարի հիմքը եղել է ոչ թե անձը, այլ գաղափարը։ Հիմա սա էր մեր ընտրությունը։ Միևնույն ժամանակ, մենք խնդիր չունենք մեր բացթողումները տեսնելու և հաջորդիվ դրանք թույլ չտալու»,- ասաց Գրիգորյանը։
Պատգամավորի փոխանցմամբ՝ ընդդիմությունը սխալներն ուղղում և զուգահեռաբար անում է հնարավորը՝ կանխելու Հայաստանին սպասվող կապիտուլյացիան, որը պատրաստվում է կնքել Փաշինյանը՝ նախապես անոնսելով Հայաստանին սպասվող պատերազմը՝ դրան զուգահեռ՝ բանակին վնասող անթույլատրելի հայտարարություններ անելով։
«Նախ՝ Փաշինյանը խաղաղության պայմանագիրը չի կնքում, որովհետև նրա առաջ դրված է Հայաստանից տարածքներ հանձնելու պայման։ Դրանով հանդերձ, անթույլատրելի է՝ մեկ խոսել 5-րդ շարասյան մասին, հաջորդ րոպեին՝ պատերազմի սպառնալիքի։ Իմ համոզմամբ՝ բանակում 5-րդ շարասյան մասին խոսվում է, որպեսզի գալիք էսկալացիայի ժամանակ զինվորականները չիմանան, թե ի՞նչ անեն, որովհետև նրանց ուսերին են դնելու ամբողջ մեղավորությունը»,- ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով՝ մինչ Հայաստանի ղեկավարությունը իրար հակասող հայտարարություններով ստեղծում է երկրում քաոտիկ իրավիճակ, ադրբեջանական զորքը շարունակում է ոչ միայն օկուպացված պահել Հայաստանի սահմանները, այլ նաև ակտիվորեն իրականացնել օկուպացրած մարտական դիրքերում ինժիներաշինարարական աշխատանքներ։
«Ադրբեջանական զորքը տեխնիկան հետը բերում է դեպի հայկական դիրքեր, վերցնում են Հայաստանի սուվերեն տարածքից հատվածներ ու սկսում խրամատներ փորել՝ տեխնիկայով, իսկ այդ ընթացքում Հայաստանի իշխանությունը դեռ մեղավորներ է փնտրում»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։