Հրաչյա Սարգսյանի ապարդյուն երդումները, կամ ինչո՞ւ են ձերբակալվում նախկին քաղաքապետի մտերիմները

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը: Այս մասին հայտնել էին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում Երևանի քաղաքապետարանի շուրջ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների ֆոնին: Մինչ իշխանությունը չի կողմնորոշվում՝ արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրություններ անցկացնել, որովհետև ինչպես իրենց քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի դեպքում, այնպես էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի վարկանիշը հասել է պատմական մինիմումին, և կարծես թե արտահերթ ընտրությունները կարող են ֆորս-մաժորի բերել, քաղաքապետարանում տեղի են ունենում ձերբակալություններ: Ձերբակալվողներից մեկն էլ, ոչ ավել, ոչ պակաս, արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի մտերիմներից է, նրա ընկերը, նրա բերած մարդը՝ աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը:

«Քաղաքապետարանում, իհարկե, սրբեր չկան, սակայն պարկեշտ, նորմալ մարդ է Մեջլումյանը: Չգիտենք՝ ինչ գործի շրջանակում են ձերբակալել նրան, սակայն ակնհայտ է, որ ավագանու՝ ՔՊ-ական թիմի բուռն ջանքերն արդյունք տվեցին: Վաղուց էին արշավ սկսել Սեյրան Մեջլումյանի նկատմամբ»,- ասաց Երևանի Քաղաքապետարանի՝ 168.am-ի աղբյուրը:

Ուշագրավ է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նրան ձերբակալեց Հրաչյա Սարգսյանի հրաժարականից տառացիորեն օրեր անց: Ինչ է, նո՞ր իմացան, որ Մեջլումյանը ենթադրյալ ապօրինություններ է կատարել, թե՞ սպասում էին Հրաչյա Սարգսյանի հրաժարականին:

Կարդացեք նաև

Փաստ է, որ ձերբակալվել է Հրաչյա Սարգսյանի ընկերը, ինչպես էլ որ դա հետո փաթեթավորվի:

ՔՊ-ական քաղաքապետացու, բոլոր տեսակի ժապավեններ կտրող և այդ առնչությամբ հումորային տեսանյութերի հերոս դարձած Տիգրան Ավինյանը, ով վաղուց է քարոզարշավ անում համայնքներում՝ դրանց ներգրավելով վարչական շրջանների նախակրթարանների, դպրոցների և մշակույթի կրթօջախների տնօրեններին, բնականաբար, նույնպես անդրադարձել է Քաղաքապետարանի շուրջ կատարվող իրադարձություններին:

«Երևանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունները ևս մեկ անգամ գալիս են հիշեցնելու, որ պետական, համայնքային և, առհասարակ, հարկատուների հաշվին պաշտոն զբաղեցնելն ինչքան պատվաբեր է, կրկնակի էլ պատասխանատվության բաժին է ենթադրում:

Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում. սա է պահանջում Երևանի և երևանցու շահը: Միևնույն ժամանակ սթափության կոչ եմ անում քաղաքապետարանի և համայնքային կազմակերպությունների անխտիր բոլոր աշխատակիցներին՝ հորդորելով իրենց ջանքերը ծառայեցնել բացառապես մայրաքաղաքին»,- իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում սթափության կոչ էր արել Ավինյանը:

Հատկանշական է, որ վարչական շրջաններում մանկապարտեզների, դպրոցների և արվեստի դպրոցների տնօրենների հետ հանդիպում է ոչ թե ոլորտը համակարգող փոխքաղաքապետ, հիմա արդեն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, այլ Տիգրան Ավինյանը:

168.am-ի դիտարկմանը, թե դպրոցական և նախադպրոցական ոլորտը համակարգող փոխքաղաքապետը Լևոն Հովհաննիսյանն է, ուրեմն ինչո՞ւ է Ավինյանը հանդիպում ոլորտի ներկայացուցիչների հետ, և այդ դեպքում՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ օրենքի խախտմամբ քարոզարշավի իրականացմանը ներգրավվել են վարչական շրջանի դպրոցական և նախադպրոցական հաստատությունների աշխատակիցները, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից պատասխանել էին, որ  սխալ ենք ենթադրել:

«Տիգրան Ավինյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենքում իրականացրել է քաղաքացիների ընդունելություն, իսկ դահլիճում տեղի է ունեցել միջոցառում՝ Կանանց միջազգային օրվան նվիրված, պարոն Ավինյանը հրավիրվել է միջոցառմանը, որի ընթացքում վարչական շրջանի ղեկավարի հետ ծաղիկներ է նվիրել կանանց»,- պատասխանել էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից՝ այդպես էլ չմանրամասնելով, թե ինչպես պատահեց, որ քաղաքացիների ընդունելությանը նստած էին միայն մանկապարտեզների, դպրոցների և արվեստի դպրոցների տնօրենները:

Ինչևէ, Տիգրան Ավինյանն իրեն հասու բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով լուծում է իր քաղաքապետ դառնալու հարցերը, իսկ ՔՊ-ին իր հրաժարականի օրը լալահառաչ տեքստով հավատարմության երդում տված Հրաչյա Սարգսյանը թերևս պիտի մտածի՝ էդ ո՞նց եղավ, որ ոտքը քաշեց թե չէ, սկսեցին ձերբակալվել իր մտերիմները: Իսկ գուցե մի օր հերթն իրե՞ն էլ հասնի…

Տեսանյութեր

Լրահոս