2022թ. Երևանի քաղաքապետարանը թերակատարել է քաղաքային ենթակառուցվածքների բարելավման և զարգացման տեսանկյունից կարևոր ծրագրերի իրականացումը

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Երևան քաղաքի 2022թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, որն արտացոլում է քաղաքային իշխանությունների կողմից տարվա ընթացքում իրենց առջև դրված խնդիրների լուծման առաջընթացը և արդյունավետությունը:

Անհրաժեշտ է արձանագրել, որ.

  • Երևան քաղաքի բյուջեի պլանավորման և իրականացման գործընթացները շարունակում են էականորեն շեղված մնալ: Իհարկե, կատարողականի որոշակի բարելավում արձանագրվել է նախորդ տարվա համեմատ, սակայն ինչպես բյուջեի եկամուտների, այնպես էլ ծախսերի գծով արձանագրված թերակատարումները բավական մեծ են, ինչի արդյունքում քաղաքային բյուջեի առջև դրված խնդիրներն ամբողջությամբ և արդյունավետ կերպով չեն իրականացվում: Հետևաբար, համայնքային իշխանությունները պետք է իրականացնեն հստակ քայլեր՝ բյուջեի պլանավորման և կատարման փուլերը համապատասխանեցնելու համար:
  • Երևան քաղաքի բյուջեի եկամուտների աճը 2022 թվականին նախորդ տարվա համեմատ բավական ցածր է եղել: Եթե հաշվի առնենք այն, որ 2022թ. միջին գնաճը կազմել է 8.6%, ապա կարող ենք նշել, որ բյուջեի եկամուտների 5.5 % աճը բավարար չէ քաղաքի հիմնական խնդիրների լուծման գործընթացում էական առաջընթաց գրանցելու համար: Քանի որ Երևան քաղաքի բյուջեի եկամուտներում չկան տնտեսական իրավիճակի հետ կապված եկամտատեսակներ, այդ պատճառով բարձր տնտեսական աճը չի արտացոլվում բյուջեի եկամուտների վրա: Այնուամենայնիվ, եթե ապահովվեր բյուջեի եկամուտների պատշաճ հավաքագրումը, ապա բյուջեի եկամուտների աճն առավել ընդունելի մակարդակում կլիներ: Օրինակ, եթե գույքահարկի կատարողականը լիներ 100%, ապա ընդհանուր եկամուտների աճը կկազմեր 9.1%` գերազանցելով գնաճի տեմպը: Այս իրավիճակը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է համայնքների եկամուտների կազմում ավելացնել տնտեսական իրավիճակի հետ կապված եկամտատեսակներ (օրինակ՝ եկամտային հարկի կամ ԱԱՀ-ի որոշակի մասնաբաժին), ինչը մի կողմից՝ հնարավորություն կտա համայնքներին օգտվել բարձր տնտեսական աճի դրական արդյունքներից, մյուս կողմից՝ խթաններ կստեղծի համայնքային իշխանությունների կողմից տնտեսական ակտիվությանը նպաստող միջոցառումների իրականացման համար:
  • Երևան քաղաքի 2022թ. բյուջեի ծախսերի փաստացի ցուցանիշը կազմել է 94.8 մլրդ դրամ, ինչի պայմաններում բյուջեի հաստատված պլանի նկատմամբ թերակատարումը կազմել է 4.1%, իսկ ճշտված պլանի նկատմամբ` 14.9%: Ճշտված պլանի նկատմամբ թերակատարման չափը հաճախ առավել կարևոր ցուցանիշ է համարվում, քանի որ ճշտված պլանը ցույց է տալիս, թե որքան ծախս էր անհրաժեշտ տարվա ընթացքում համայնքային իշխանությունների դիմաց դրված խնդիրները լուծելու համար: Հետևաբար, դրանց թերակատարումը նշանակում է, որ մշակված միջոցառումներն ամբողջությամբ չեն իրականացվել, և անհրաժեշտ արդյունքներն ամբողջությամբ չեն ստացվել:
  • Շարունակվում են պահպանվել կապիտալ ծախսերի իրականացման խնդիրները: 2022թ. կապիտալ ծախսերը ոչ միայն թերակատարվել են, այլ նաև նվազել են նախորդ տարվա համեմատ: Կապիտալ ծախսերի թերակատարումները հաճախ բացատրվում են կարողությունների անբավարար մակարդակով: Սակայն, եթե ծախսերի ծավալն ավելի փոքր է, քան նախորդ տարվա փաստացի մակարդակը, ապա ստացվում է, որ կա՛մ կարողություններն էլ ավելի են նվազել, կա՛մ առկա են այլ խնդիրներ, որոնք սահմանափակում են կապիտալ ծախսերի իրականացումը: Այս մասով, քաղաքային իշխանությունները պարտավոր են իրականացնել ուսումնասիրություններ թերակատարումների իրական պատճառները բացահայտելու նպատակով:
  • Թերակատարված կապիտալ ծախսերի շարքում առկա են քաղաքային ենթակառուցվածքների բարելավման և զարգացման տեսանկյունից բավական կարևոր ծրագրեր: Օրինակ, զգալի թերակատարումներ են արձանագրվել այնպիսի ծրագրերի գծով, ինչպիսիք են նախագծային աշխատանքների իրականացումը (որոնք անհրաժեշտ են հաջորդ տարիներին կապիտալ ծախսերի պատշաճ մակարդակի իրականացման համար), ոռոգման ցանցի կառուցումը և վերանորոգումը, ասֆալտ–բետոնյա ծածկի հիմնանորոգումը, փողոցների, հրապարակների և այգիների կահավորումը և այլն:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ.։

«ԼՈՒՅՍ» տելեգրամ ալիք

 

Տեսանյութեր

Լրահոս