«Եթե ցանկանում եք իմանալ իմ կարծիքը՝ Դոնբաս, Կոսովո, Ղարաբաղ…». Լավրով

«Ես կարծում եմ, որ ղարաբացիների համար մոտավորապես իրավունքների այսպիսի հավաքածու անհրաժեշտ կլինի»,- այս մասին այսօր Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ՌԴ-ի կողմից ԼՂ բնակչության անվտանգության երաշխիքների հնարավորությանը:

Լավրովի խոսքով, մեծ հաշվով, ՌԴ-ն աջակցում է այն դիրքորոշումը, որը հայտնեց Նիկոլ Փաշինյանը ժամանակին՝ ընդգծելով, որ ելնում է նրանից, որ ԼՂ բնակիչների անվտանգության երաշխիքների հարցերը, նրանց իրավունքների ապահովումը պետք է որոշվեն Ղարաբաղի ու Բաքվի ներկայացուցիչների միջև: «Մենք կողմերին դրան ենք մղում, դրանով հետաքրքրված է նաև Հայաստանը, անխոս, մեզ համար կարևոր է հասկանալ, թե որքանով որակով կլինեն այդ պայմանավորվածությունները:

Եթե ցանկանում եք իմանալ իմ կարծիքը, կան օրինակներ՝ վերջերս արձանագրված պատմություններ, դրա մասին է խոսք գնացել Մինսկի պայմանավորվածություններում, այն մասին, թե ինչպիսի իրավունքներ պետք է լինեն Ուկրաինայի Արևելյան հատվածում այդ պայմանավորվածությունների համապատասխան՝ մայրենի լեզվի իրավունք, երեխաներին այդ լեզուն սովորեցնելու իրավունք, ապրել, աշխատել՝ օգտագործելով այդ լեզուն, պահպանել սեփական մշակույթը, պահպանել սեփական կրոնը, ունենալ ինքնակառավարման հնարավորություն և ունենալ հատուկ կապեր՝ տնտեսական, առևտրային, սեփական հայրենակիցների հետ: Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր, մոտավորապես այդպիսի իրավունքներ դիտարկվում էին տասը տարի առաջ Բելգրադի ու Պրիշտինայի միջև ստորագրված Կոսովոյի սերբական ինքնակառավարման մարմիններ ստեղծելու մասին համաձայնագրում՝ լեզու, ինքնակառավարում, կրթություն, մշակույթ, կրոն, տնտեսական բնույթի հատուկ հարաբերություններ Սերբիայի հետ: Ես կարծում եմ, որ ղարաբացիների համար մոտավորապես իրավունքների այսպիսի հավաքածու անհրաժեշտ կլինի:

Նման իրավիճակներում՝ ես թվարկեցի Դոնբաս, Կոսովո, Կոսովոյի սերբական շրջաններ, Ղարաբաղ… Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների կողմից Ալմա Աթայի հռչակագրին հավատարմության հաստատմամբ այդ ամենն այդքան էլ բարդ չէ անելը, ինչպես թվում է: Ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե որքան պարկեշտ կդրսևորեն իրենց նրանք, ումից կախված կլինեն այս պայմանավորվածությունները»,- մեկնաբանեց Լավրովը:

Տեսանյութեր

Լրահոս