«Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից». Արարատ Միրզոյանի պնդումը զարմացրեց Լավրովին
«ՀՀ-ն հետաքրքրված է Եվրոպայի հետ հարաբերություններով»,- այս մասին այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը, ՀԱՊԿ դիտորդների տեղակայումը մերժելու՝ ՀՀ որոշմանը:
Միրզոյանը նշեց, որ Հայաստանի հարաբերությունները Եվրոպայի հետ զարգանում են կառուցողական, ՀՀ-ն հետաքրքրված է դրանում, այդ թվում՝ օրենքի գերակայության և դեմոկրատիայի ոլորտում գործող դրական դինամիկայի պահպանման կոնտեքստում:
Ինչ վերաբերում է մոնիտորինգային առաքելությանը, ապա, նրա որակմամբ, առաքելության մանդատը հստակ ձևակերպված է, տեղեկատվությունը հրապարակային է, դա քաղաքացիական մոնիտորինգային առաքելություն է: «Կրկնեմ, որ առաքելությունը կրում է բացառապես քաղաքացիական բնույթ»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ առաքելությանը, ապա Արարատ Միրզոյանը հնչած հարցի ձևակերպումը որակեց ոչ կոռեկտ՝ պնդելով, թե Հայաստանը երբեք չի հրաժարվել նման առաքելությունից:
«Ավելին՝ այդ որոշման նախագիծը սեղանի վրա է, այդ պրոյեկտի վրա աշխատանքը շարունակվում է: Այստեղ առանցքայինը մեզ համար, հիշեցնեմ, այն էր, որ մեր զգացողությամբ, մեր ընկալմամբ՝ ՀԱՊԿ գործընկերներն անուղղակիորեն, բայց ՀԱՊԿ-ն ինքը չէր ճանաչում հստակ պատասխանատվության գոտին: Մեր կարծիքով՝ դա մի փոքր խնդրահարույց էր, բայց կրկնեմ՝ որոշման նախագիծը սեղանին է, աշխատանքը շարունակվում է»,- ասաց Միրզոյանը:
Արձագանքելով այս պնդմանը, Լավրովը չկարողացավ թաքցնել իր զարմանքը՝ ասելով, որ իր գոհունակությունն է հայտնում այն բանի կապակցությամբ, ինչ ասաց Արարատ Միրզոյանը:
«Այդ որոշումը բազմաժամյա բանակցությունների առարկա է եղել Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ՝ Արարատ Սամվելովիչի նախագահությամբ, բոլոր նախարարներն այն համաձայնեցրել են, ներկայումս գործի փոքր մասն է մնացել, որպեսզի կառավարությունների ղեկավարները՝ բոլորը, իրենց ստորագրությունները դնեն: Այդ հնարավորությունը պահպանվում է, ՀԱՊԿ-ը պատրաստ է, մենք գիտենք այդ պատրաստակամության մասին, ես ուրախ եմ, որ ՀՀ-ն չի հրաժարվել այդ հնարավորությունից»,- ասաց Լավրովը: