Հայաստանում նկատվում է նպատակադրված հակառուսական արշավ, որում ներգրավված են երկրի պաշտոնատար անձինք. Ռուս լրագրողի հարցը՝ Արարատ Միրզոյանին
«Տասնյակ-հազարավոր ռուսաստանցիներ բավականին հարմարավետ ապրում են ՀՀ-ում»,- այս մասին այսօր ՌԴ ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին:
Հարցին, թե վերջին ժամանակաշրջանում ՀՀ-ում նկատվում է հակառուսական դրսևորումների աճ, կա զգացողություն, որ խոսքը նպատակադրված արշավի մասին է, որում ներգրավված են երկրի պաշտոնատար անձինք, իշխանական ԶԼՄ-ները, ինչպես նաև ազգայնական միավորումները, ՌԴ դեսպանատան և ռուսական բազայի մոտ ակցիաներ, ինչո՞ւ են ՀՀ-ում թույլ տրվում նման երևույթներ մտերմագույն դաշնակցի նկատմամբ, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ Հայաստանում չկա նպատակաուղղված հակառուսական արշավ, որի ապացույցն այն է, որ տասնյակ-հազարավոր ռուսաստանցիներ ազատ, խաղաղ, լավ, իրապես հարմարավետ են ապրում ՀՀ տարածքում, իրենց գործով ու բիզնեսով են զբաղվում, նրանց կողմից որևէ բողոք չի ստացվել:
«Ցույցերի մասին՝ ՀՀ սահմանադրությունն և օրենսդրությունը երաշխավորում է հավաքների ազատությունը, և դա վաղուց նորություն չէ, կարող եք փնտրել համացանցում և տեսնել, որ ՀՀ-ում բազմաթիվ ակցիաներ են տեղի ունենում ՀՀ իշխանությունների դեմ»,- ասաց Միրզոյանը:
Ինչ վերաբերում է Գաբրիելյանովի, Սիմոնյանի, Զատուլինի, Անդրանիկ Միհրանյանի՝ ՀՀ մուտքի արգելքին և հարցին, թե արդյո՞ք այդ որոշումներն առնչվում են նրանց կողմից ՀՀ իշխանություններին ուղղված քննադատությանը, Արարատ Միրզոյանը պարզապես հրաժարվեց մեկնաբանել այս հարցը: