Բաժիններ՝

Իրանի արտգործնախարարը ծրագրում է այցելել Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ծրագրում է հաջորդ շաբաթ պաշտոնական այց կատարել Մոսկվա։ Այդ մասին նա հայտարարել է կիրակի օրը, Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում։

Աբդոլլահիանը հայտնել է ծրագրված այցի մասին՝ մեկնաբանելով այն պնդումները, թե Ռուսաստանը իրանական անօդաչու սարքեր է մատակարարում Ուկրաինայում օգտագործելու համար։

«Իրանը չի աջակցում հակամարտող կողմերից ոչ մեկին: Երեք օր առաջ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոսեպ Բորելի հետ զրույցում ես ուկրաինական կողմին հաղորդագրություն եմ փոխանցել, որ հաջորդ շաբաթ գնալու եմ Մոսկվա՝ անվտանգության բանակցությունների համար՝ պատերազմը դադարեցնելուն ուղղված Իրանի ջանքերի շրջանակներում»,- նախարարի խոսքերն է մեջբերում Tasnim-ը։

Նա նաև հորդորել է Կիևին հրաժարվել Թեհրանի դեմ մեղադրանքներից և կենտրոնանալ երկխոսության վրա։

Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են այն պնդումները, թե Ռուսաստանը իրանական անօդաչու սարքեր է մատակարարում Ուկրաինայում օգտագործելու համար:

2022 թվականի նոյեմբերի սկզբին Աբդոլլահիանն ասել էր, որ Իրանը անօդաչու թռչող սարքեր մատակարարել է Ռուսաստանին, սակայն փոքր քանակությամբ և Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս