Սերբիան և Կոսովոն պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները․ Բորել
Սերբիան և Կոսովոն պայմանավորվել են կյանքի կոչել հարաբերությունները կարգավորելու ԵՄ-ի առաջարկած ծրագիրը, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոսեպ Բորելը։
Համաձայնությունը ձեռք է բերվել նախօրեին՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի և ԵՄ պաշտոնյաների 12 ժամ տևած բանակցություններից հետո, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հաղորդում է Associated Press-ը։
Եռակողմ հանդիպումից առաջ Սերբիայի ղեկավարն ու Կոսովոյի տարածաշրջանի ներկայացուցիչը առանձին հանդիպումներ են ունեցել Բորելի հետ։
« Նպատակն էր համաձայնեցնել, թե ինչպես պետք է կյանքի կոչել վերջին բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունը։ Սա նշանակում է գործնական քայլեր, թե ինչ պետք է արվի, երբ, ում կողմից և ինչպես»,- ասել էԵվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Համաձայնագրի կատարման հավելվածում ԵՄ-ն պարտավորվել է 150 օրվա ընթացքում կազմակերպել դոնորների համաժողով՝ Կոսովոյի և Սերբիայի համար ներդրումային և ֆինանսական աջակցության փաթեթ ձևավորելու նպատակով։
ԵՄ ծրագիրը կոչ է անում երկու երկրներին պահպանել բարիդրացիական հարաբերություններ և ճանաչել միմյանց պաշտոնական փաստաթղթերն ու ազգային խորհրդանիշները: Այնուամենայնիվ, համաձայնագիրը, որը մշակվել է Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից և ԱՄՆ-ի աջակցությամբ, բացահայտորեն չի պահանջում Կոսովոյի և Սերբիայի միջև փոխադարձ ճանաչման մասին: