«Հայաստանի Հանրապետության 5-րդ շարասյունը մեղադրում է այլոց 5-րդ շարասյուն լինելու մեջ». Տիգրան Վարդանյան
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Հայաստանի Հանրապետության 5-րդ շարասյունը մեղադրում է այլոց 5-րդ շարասյուն լինելու մեջ:
Նիկոլ Փաշինյան, Արտակ Դավթյան, Դավիթ Տոնոյան, Արմեն Գրիգորյան, Արծրուն Հովհաննիսյան` ահա 5-րդ շարասյան «գլուխը»:
Սրանց ենթականերն էլ 5-րդ շարասյան «պոչն» են: Փաստերով`
Պատերազմից առաջ փոխվել էր ՀՀ ռազմական պլանը: Ըստ «նախկինների» ռազմական պլանի, Հայաստանը պետք է ձեռք բերեր 3 խմբաքանակ ՏՈՌ ՀՕՊ համակարգեր, բայց ձեռք բերեց միայն մեկը, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ամպագորգոռ հայտարարում էր, որ Արցախի երկինքը պաշտպանված է ավելին քան երբևէ:
Պատերազմից առաջ հայկական կողմին առաջարկվել էր գնել նախապես բանավոր համաձայնություն ձեռք բերած հարվածային ու հետախուզական դրոններ, բայց Տոնոյան Դավիթը մերժել էր:
Պատերազմից առաջ գնվեց մոտ 130 մլն $ արժողությամբ Սու կործանիչներ` առանց հրթիռ, ու Հորդանանի ավազներում թաղված Օսա-ԱԿ ՀՕՊ համակարգեր, որոնք որևէ էական բան չարեցին պատերազմի օրերին, իսկ «խաղալիք» կործանիչներն էլ այդպես էլ օդ չբարձրացան:
Պատերազմից առաջ նախ հետաձգվեց, իսկ հետո չեղարկվեց «Շանթ» զորավարժությունը: Այս զորավարժության միջոցով մենք հնարավորություն էինք ունենալու ուսումնասիրել զորահավաքային ռեսուրսներն ու իրականացվելու էին տարբեր պլանային միջոցառումներ:
Պատերազմից առաջ հայկական կողմին զգուշացվել էր առաջիկա էսկալացիայի մասին և առաջարկվել համատեղ զորավարժություն անցկացնել` ՀԱՊԿ զորքերի ներգրավվածությամբ: Հայկական կողմը մերժել էր:
Պատերազմից առաջ հայկական կողմին զգուշացվել էր, որ Թուրքիան իր անմիջական ներգրավվածությունն է ունենալու ռազմական գործողություններին, բայց ՔՊ-ականները` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի շուրթերով, հերքում էին այդ հանգամանքը:
Պատերազմից մի քանի օր առաջ հայկական կողմին ասվում է էսկալացիայի սկսման հստակ օրը: Պատերազմը սկսվեց` ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը միայն մեկ օր անց բարեհաճեց վերադառնալ Հայաստան:
Պատերազմի 4-րդ օրը դադարեցվեց բանակի համալրումը: Պահեստազորի փոխարեն պատերազմ սկսեցին մեկնել հազարավոր կամավորներ, ովքեր զենքի հետ վարվելու, հոգեբանական պատրաստություն նույնիսկ չէին անցել:
Պատերազմի ընթացքում առնվազն 2 անգամ առաջարկվել էր դադարեցնել ռազմական գործողությունները, բայց Նիկոլ Փաշինյանը մերժել էր: Հատկապես հոկտեմբերի 19-ից հետո հայկական կողմն ունեցել է օրը, առնվազն, 100 մարդկային կորուստ:
Պատերազմի ամբողջ ընթացքում հայ հասարակությանը ստում էին` սկսված տարածքային կորուստներից, վերջավրած` Գետաշենի ու Շահումյանի ազատագրումով, Գանձակի (Գյանջա) օդանավակայանի հօդս ցնդելու և այլ միֆերով:
Պատերազմի օրերին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ուղիղ եթերով ռազմական գացտնիք է հրապարակել, իսկ ՀՀ բոլոր ուժային կառույցները լռել են:
Պատերազմի օրերին խոցվեց Ս 300 ՀՕՊ համակարգը, քանի որ այն բաց դաշտում էր տեղակայվել, առանց համապատասխան քողարկման: Զուգադիպությու՞ն` չեմ կարծում: Դավադրությու՞ն` համոզված եմ:
Ամբողջ պատերազմի ժամանակ հայկական կողմը չի հարվածել որևէ ադրբեջանական ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտի:
Պատերազմից հետո ՀՀ կառավարիչները հանձնեցին հարյուրավոր բարձունքներ, ՀՀ սուվերեն տարածքի որոշակի հատվածներ, Կապան-Գորիս ճանապարհը: Հիմա էլ Արվախն են ամբողջությամբ հանձնում Ադրբեջանին, իսկ Հայաստանը դարձնում` նոր «Աջարիա»:
Ահա 5-րդ շարասյան իրական սպասարկուների անուններն ու գործած դավադիր քայլերը»: