Բաժիններ՝

Իրանը մահապատժի է դատապարտել Շահ Չերաղ մզկիթի վրա իրականացված հարձակմանը մասնակցած երկու անձանց

Իրանի Ֆարս նահանգի արդարադատության դեպարտամենտի ղեկավար Սեյյեդ Քազեմ Մուսավին հայտնել է, որ Շիրազում Շահ Չերաղ մզկիթի վրա իրականացված հարձակման մասնակից հանցագործներից երկուսը մահապատժի են դատապարտվել, գրում է Mehr լրատվական գործակալությունը։

Մուսավին նշել է, որ այս գործով երկու հիմնական կասկածյալները անմիջականորեն ներգրավված են եղել զինելու, աջակցելու, նյութատեխնիկական ապահովման նախապատրաստման եւ հարձակման գլխավոր հեղինակին ղեկավարելու գործում։

Դատապարտվածներից մեկը՝ Մոհամմադ Ռամեզ Ռաշիդին, խոստովանել է, որ անմիջական մասնակցություն է ունեցել, այդ թվում՝ «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման առաջնորդից հրամաններ է ստանալու հարցում, ասել է Ֆարսի արդարադատության դեպարտամենտի ղեկավարը։

Նա նաեւ նշել է, որ մեկ այլ դատապարտյալ՝ Սեյյեդ Նաիմ Հաշեմ Քաթալին, ընդունել է պատասխանատվությունը՝ ասելով, որ Իրան ժամանելուց հետո կապվել է հարձակման գլխավոր հեղինակի հետ եւ նրան ԻՊ-ի մյուս անդամներին տեղավորել է Թեհրանում, տեղափոխել անվտանգ վայրեր եւ հանցագործության գլխավոր մասնակցին տրամադրել է Շիրազի տոմս, որտեղ գտնվում է Շահ Չերաղը։

Հարձակման մեջ մեղադրվող եւս երեք անձ դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման, հավելել է նա:

2022 թվականի հոկտեմբերի 26-ին ինքնաձիգով զինված ահաբեկիչը կրակ է բացել Շիրազի Շահ Չերաղ մզկիթում ուխտավորների եւ երեկոյան աղոթք իրականացնողների վրա, ինչի հետեւանքով սպանվել է 15 մարդ, այդ թվում՝ կանայք, երեխաներ եւ ծերեր, իսկ տասնյակ մարդիկ լուրջ վնասվածքներ են ստացել եւ վիրավորվել են։

Շիրազում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո 42 մարդ է բերման ենթարկվել, ասել է պաշտոնյան։

Հարձակման գլխավոր հեղինակը սպանվել է հանցագործության վայրում՝ անվտանգության ուժերի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս