ՄԻԵԴ-ը չի արդարացրել Նալբանդյաններին՝ Վարդենիսում անչափահասի սպանության գործով․ Վահագն Ալեքսանյանի սխալ պնդումը․ Fip.am

Հանրային հեռուստաընկերության եթերում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մարտի 16-ին, խոսելով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի գործունեության մասին, հայտարարեց, որ վերջինիս շնորհիվ 13 տարի կալանավայրում անցկացրած ամուսիններն արդարացվել են։

Խոսքը 2004 թվականին Վարդենիս քաղաքում սպանված անչափահաս աղջկա սպանության մասին է։ Դատարանը սպանվածի դասընկերուհու ծնողներին ազատազրկման էր դատապարտել: Ամուսինների իրավունքների պաշտպանությունը ստանձնել էր Սեդա Սաֆարյանը։

«Սեդա Սաֆարյանը էն փաստաբանն ա, ով ստանձնում ա էս խեղճ ընտանիքի պաշտպանությունը ու 13 տարի հետո ՄԻԵԴ-ը արդարացնող վճիռ ա կայացնում նրանց մասով։ ՄԻԵԴ-ն ասում ա, որ նրանք մեղավոր չեն էտ սպանության համար։ 13 տարի ամուսին ու կին նստել են բանտում, նրանց երեխեքը որբ մեծացել են, ու ՄԻԵԴ-ը վերջապես Սեդա Սաֆարյանի ջանքերով ասում ա, որ նրանք անմեղ են»,- հայտարարեց Ալեքսանյանը։

Իրականում Ալեքսանյանի այս հայտարարությունը մանիպուլյատիվ է։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իսկապես այս գործով ունի վճիռ, սակայն սա ամուսիններին արդարացնելու վճիռ չէ։

2015 թ․ մարտի 10-ին «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատարանը վճռել էր, որ ամուսինների ու վերջիններիս դստեր նկատմամբ ոստիկանները ֆիզիկական և հոգեբանական բռնություն են գործադրել, ծեծել, ստիպել խոստովանական ցուցմունք տալ, այդ մասով վերջիններիս բողոքներին ի պատասխան արդյունավետ քննություն չեն իրականացրել և այլն։

Այսինքն, դատարանը վճռել էր, որ ամուսինների նկատմամբ կիրառվել է բռնություն, խախտվել է արդար դատաքննության իրավունքը, և փոխհատուցում սահմանել 62 հազար եվրոյի չափով։

Սակայն ՄԻԵԴ-ը ամուսիններին արդարացնելու վճիռ չի կայացրել։ Ավելին, ՄԻԵԴ վճռի հիման վրա գործը վերաբացվել է և շարունակվում է մինչ օրս. արդարացման վճիռ դեռևս չկա։

Այսպիսով, Ալեքսանյանի պնդումը, թե ՄԻԵԴ-ը Նալբանդյան ամուսիններին արդարացրել է, սխալ է։ Դատարանն ընդամենը գտել է, որ պետությունը խախտել է վերջիններիս արդար դատաքննության իրավունքը, ֆիզիկական և հոգեբանական բռնության միջոցով փորձել է խոստովանական ցուցմունք կորզել։

Fip.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031