Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական է տվել
Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Էդմոն Ղազարյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին 168.am-ին հայտնեցին Կենդանաբանական այգու լրատվական բաժնից։ Հարցին, թե ի՞նչ աշխատանքներ հասցրեց կատարել այս ընթացքում` նշեցին, որ նրա պաշտոնավարման ընթացքում լուծվել են տարիներ շարունակ այգում առկա խնդիրների որոշ մասը, ինչպիսիք են՝ անվտանգության համակարգի ներդրում՝ այգու ողջ տարածքը համալրվել է ավելի քան 130 տեսահսկման սարքերով, հիմնովի նորոգվել են կերախոհանոցի սառնարանները, վերազինվել է այգու կլինիկան բազմաթիվ սարքերով և անհրաժեշտ դեղորայքով, լուծվել է հանրային տարածքի արտաքին լուսավորության խնդիրը։
Նաև նորոգվել են տասնյակ ազատավանդակներ, ներդրվել է տոմսային նոր համակարգ, տեղադրվել են լուսավորվող 3D գովազդային վահանականեր, ասֆալտապատվել է այգու պահեստային մասը։
Էդմոնդ Ղազարյանը նաև ակտիվ քայլեր էր ձեռնարկել, որ Երևանի կենդանաբանական այգին դառնա ԵԱԶԱ-ի լիիրավ անդամ՝ մասնակցել է Եվրոպական Կենդանաբանական Այգիների և Ակվարիումների միջազգային ասոցիացիայի (ԵԱԶԱ) տարեկան կոնֆերանսին, որը դռներ էր բացել դառնալու միջազգային կազմակերպության անդամ։
Էդմոնդ Ղազարյանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2022թվականի մարտի 27-ից։