Չինական ավտոբուսների գնման ոդիսականը. ե՞րբ կվերադառնա «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի արձակուրդ գնացած տնօրենը
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, նախկին սոցապ նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր ենթադրյալ հանցագործության մասին՝ բարձրաձայնելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների կողմից չինական ավտոբուսների գնման պայմանագրի արդյունքում առնվազն 3,426,750 ԱՄՆ դոլար յուրացնելու կասկածը:
Նախկին պաշտոնյան իրավապահ մարմինների, լրագրողների ուշադրությունն էր հրավիրել ՀՀ կամ Երևանի բյուջեին մոտ 1.4 միլիարդ դրամի առերևույթ վնաս պատճառելու հանգամանքի վրա:
Մինչ այս պահը Երևանի քաղաքապետարանը բարձրաձայնված հարցի առնչությամբ չի ներկայացրել որևէ պարզաբանում, դեռևս անպատասխան են նաև պաշտոնական մեկնաբանություն ստանալու՝ 168.am–ի փորձերը, քանի որ, զարմանալի զուգադիպությամբ, պարզվեց, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ ընկերության տնօրեն Էլբակ Թարփոշյանն արձակուրդում է, իսկ քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետը՝ գործուղման մեջ:
Հիշեցնենք՝ Մեսրոպ Առաքելյանը մասնավորապես հայտնել էր. «Երևանի քաղաքապետարանը 2021թ․ գնել է 161 հատ չինական Zhongtong bus, LCK6860HGN մակնիշի ավտոբուս, «Zhongtong Bus» ընկերությունից՝ կնքելով պայմանագիր 20.04.2021թ․՝ մեկ ավտոբուսի արժեքը 44.720.000 դրամով։ Նույն ընկերությունից նույն մակնիշի 150 ավտոբուս է գնվել 2022թ․՝ կնքելով պայմանագիր 22.08.2022թ․՝ մեկ ավտոբուսի արժեքը 44.249.499 դրամով։ Երկու պայմանագրերը գրեթե նույնաբովանդակ են, պարունակում են ավտոբուսների նույն հիմնական տեխնիկական բնութագրերը։
Առաջին հայացքից թվում է, որևէ խնդիր չկա, դեռ մի բան էլ 470.000 դրամով էժան են գնել երկրորդ անգամ։ Սակայն ուշադրության է արժանի հետևյալ հանգամանքը։ Պարզ է, որ Չինաստանը ավտոբուսները վաճառում է ԱՄՆ դոլարով, կամ չինական յուանով, բայց ոչ երբեք հայկական դրամով։ Այլ կերպ ասած` հայկական դրամ Չինաստան չի փոխանցվել։ Բացի այդ, 2021թ․ պայմանագրում առկա է չինական կողմի տված բանկային երաշխիք ԱՄՆ դոլարով, որտեղ մեկ ավտոբուսի գինը 86.289 ԱՄՆ դոլար է՝ մեկ դոլարի փոխարժեքը հաշված 518.26 դրամով։ 22.08.2022թ․ մեկ դոլարի փոխարժեքը եղել է 405.46 դրամ։ Այսինքն` մեկ ավտոբուսի գինը 2-րդ պայմանագրի կնքման ժամանակ կազմել է 109.134 ԱՄՆ դոլար՝ 22.845 ԱՄՆ դոլարով ավելի 20.04.2021թ. կնքված պայմանագրում նշված մեկ ավտոբուսի գնից»: