Բայց վաղուց ապացուցման կարիք չունի, որ այդ կալանավորումները կայացվում են նեղ անձանց շահերից ելնելով. Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․ «Դեռ երկար ժամանակ է պահանջվելու՝ որ մեր հանրության գիտակցության մեջ տեղավորվի խափանման միջոցներ կիրառելու նշանակությունը:

Երկար ժամանակ, որովհետև ոչ դատական իշխանությունն է ջանքեր գործադրում, ոչ իրավապահներին է դա պետք, ոչ էլ իրավապաշտպան շրջանակներն են կազմակերպված բացատրական աշխատանքներ տանում:

Ընդունված կարծիքն է՝ ում չենք սիրում կամ ում համոզված ենք, որ հանցագործություն է կատարել, պետք է կալանավորել:

Իրականում, անձին կալանավորելու նպատակը ՄԻԱՅՆ քրեական վարույթի նորմալ ընթացքն ապահովելն է, եթե կա ռիսկ, որ մեղադրվող անձի գործողություններով պրոցեսը կարող է վտանգվել:

Դատարանը կալանավորում է անձին, եթե հիմնավորվում է, որ մեծ է ռիսկը, որ նա

1. կփախնի /հանրապետությունից դուրս կգա և չի վերադառնա, կամ կթաքնվի ինչ-որ տեղ երկրի ներսում

2. քննության ընթացքում կարող է հանցագործություն կատարել

3. չի կատարի իր պարտականությունները /կխոչընդոտի վարույթին
Վերջ: Այլ պատճառ չի կարող լինել անձին կալանավորելու համար: Իր ով լինելը, կատարած արարքը, ապացույցների քանակը չեն կարող լինել կալանավորման պատճառ: Այդպիսի տվյալները կարող են միայն օգտագործվել հիմնավորելու կամ հերքելու համար վերը նշված երեք պատճառների առկայությունը:

Օրինակ, ինչքան էլ, որ դժվար է ընդունել՝ բոլորի աչքի առաջ մարդ սպանած անձը կամ պետական դավաճանություն կատարած անձը ԿԱՐՈՂ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԼԻՆԵԼ, քանի դեռ չկա վերջնական դատավճիռը:

Անցնենք կալանավորելու դեպքերին:

Շատ քիչ են այն դատական ակտերը, որոնք հարյուր տոկոսանոց անհրաժեշտությամբ են կալանքի տանում անձին:

Օրինակ, երբ կա ապացույց, որ անձին բռնել են մեքենայի բեռնախցիկում սահմանն անցնելիս, ոչ մի կասկած չի կարող մնալ, որ մեծ հավանականությամբ նա նորից կփորձի փախնել:

Կամ երբ սպանության փորձ կատարածը հրապարակային սպառնում է տուժողին, որ հենց իրեն ազատ արձակեն, գալու է ու իր գործը ավարտին հասցնի, շատ մեծ է վտանգը, որ նա ազատութան մեջ մնալով հանցանք կկատարի:

Եթե կա ապացույց, որ մեղադրյալը սպառնացել է վկային, որ նա իր դեմ ցուցմունք չտա, ակնհայտ է, որ մեղադրյալը նորից կարող է խոչընդոտել քննությանը:

Միամտություն կլինի կարծելը, որ այսպիսի դեպքերում ամենապրոֆեսիոնալ փաստաբանը կարող է կալանքից ազատել մեղադրյալին, իսկ բացառությունները կամ հրաշք են կամ իրավապահների ակնհայտ սխալների արդյունք, քիչ դեպքերում՝ մեղադրյալի ծանր հիվանդության հետևանք:

Մնացած դեպքերում, երբ չեն լինում այդպիսի հստակ ապացույցներ, դատարանները կալանքի որոշում են կայացնում՝ հիմքում ունենալով միայն որոշակի ենթադրություններ, որ զգալի հավանականություն կա մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի:

Հատկապես այս դեպքերում, երբ մեղադրյալը ակնհայտ «վատ չի պահել» իրեն, դատարանները պետք է հաշվի առնեն շատ հանգամանքներ /մեղադրյալի անձը, զբաղեցրած դիրքը, արարքի տեսակը, պատժի ծանրությունը, ընտանեկան կարգավիճակը, առողջությունը և այլն/, որպեսզի հասկանան, որն է ավելի նախընտրելի՝

– անձի ազատության իրավունքը /մասնավոր շահը/
թե

– անձին կալանավորելով գործի պատշաճ քննությունը ապահովելը /հանրային շահը/

Ցավոք սրտի, այդ հանգամանքների վերաբերյալ մեր իրավապահների և հաճախ դատարանների մեկնաբանությունները երբեմն հասնում են հասկացությունների այլասերման:

Օրինակ, ասում են, եթե անձը հեղինակություն ունի /քրեական ենթամշակույթը չէ/, ուրեմն իր հեղինակությունը կօգտագործի վատ արարք կատարելու համար, բայց անտեսում են, որ հատկապես հեղինակություն ունեցող հարգված մարդը ավելի է հակված իր շրջապահում պահպանել իր բարի համբավը, քան հեղինակազուրկ մարդը: Կամ մի դեպքում կարող են ասել, որ քանի որ գողությունը կատարվել է ցերեկը, ուրեմն անձը ավելի հանդուգն է, ուրեմն ավելի վտանգավոր, իսկ եթե նույն արարքը կատարված լիներ գիշերը, ավելի զգուշավոր է, ուրեմն ավելի վտանգավոր:

Կա նաև սխալ ընկալում «հանրային շահ» ասածի: Չգիտես՝ ինչու, իրավապահները դրա տակ հասկանում են միայն քննիչի և դատախազի աշխատանքի կոմֆորտը, այնինչ շատ դեպքերում անձի կալանավորումը հանգեցնում է շղթայական շատ ավելի վատ հետևանքների, որից տուժում է հենց հանրային շահը:

Օրինակ, եթե մի պետական պաշտոնյա իր պաշտոնի հետ չկապված հանցանքի կատարման մեջ է մեղադրվում, ասենք կռվի ընթացքում մարդ է դանակահարել, բայց ունի աշխատանքային լավ բնութագիր, կալանավորվում է, մի ամբողջ գերատեսչության աշխատանք կարող է խաթարվել՝ մինչև կլինեն նոր քննություններ, նշանակումներ, ժամանակավոր պաշտոնակատարներ, վերջիններիս աշխատանքի բաժանում այլ անձանց միջև:

Կամ եթե դասախոսը մարդ է գցել մեքենայի տակ, տուժողի հետ էլ չի հաշտվում, քանի որ պնդում է որ անմեղ է, միթե արդարացված է խաթարել ամբողջ տարվա դասապրոցեսը, երբ իր աշխատանքը վարույթին խոչընդոտելու ռիսկ չի պարունակում:

Կամ եթե զինվորականը որպես ՀՀ ներկայացուցիչ բարձր պաշտոն է զբաղեցնում միջազգային որևէ կազմակերպությունում, ասենք՝ ՀԱՊԿ-ում, նիուժելի էդքան քթածակ չունեք, որ չեք հասկանում, որ իրան կալանքի տանելու տրյուկը չի կարելի անել՝ դա ձեն ա բերում:
Կամ էլ եթե տեսնում ես պատերազմը չոքել ա դուռդ, փոխարենը ինչքան որակյալ զինվորական ունես /ու շատ չունես էլ/, խնդրես, բերես պատասխանատու պաշտոնների, հազար տարվա հիմար գործով բերում կալանավորում ես 1-2 ամսով, որ հետո բաց թողես, ի՞նչ արդյունքի ես հասնում:

Մեր օրերում պետության անվտանգությունն ու ինստիտուտների կայունությունն է իսկական հանրային շահը, իսկ քննիչն ու դատախազը թող մի քիչ նեղություն տան իրենց:

Հ․Գ․ էս տեքստը նաև նրանց համար է, ովքեր ասում են /քիչ դեպքերում նաև, իրոք, այդպես կարծում են/, որ իրենց մասնագիտական աշխատանքն են կատարում:

Բայց վաղուց արդեն ապացուցման կարիք չունի, որ ամեն ինչը կատարվում է նեղ անձական շահերից ելնելով այն մարդկանց կողմից, ովքեր նույնիսկ իրենց նեղ անձնական շահը սխալ են պատկերացնում»:

Տեսանյութեր

Լրահոս