Բաժիններ՝

Այսօր ավարտեցի պաշտոնավարումս՝ որպես ԵՊՀ ՈւԽ նախագահ

Դավիթ Ափոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սիրելի՛ ուսանողներ,

որքան էլ գեղեցիկ լինեն կյանքի որոշ շրջափուլեր, ամեն ինչ մի օր ավարտվում է։ Չնայած այն հանգամանքին, որ բառերը երբևէ չեն կարողանա փոխանցել այն, ինչ ապրել եմ այս կառույցում՝ այդուհանդերձ ես ուզում եմ հայտարարել, որ այսօր ավարտեցի պաշտոնավարումս՝ որպես ԵՊՀ ՈւԽ նախագահ։

Այսօր նույն դողն է անցնում մարմնովս, որ անցել էր դեռևս 2018թ.-ին՝ ԵՊՀ ՈւԽ նախագահ ընտրվելիս։ Այն ժամանակ պատճառն անվստահությունն էր, քանի որ չգիտեի՝ կկարողանա՞մ արդյոք պատվով կատարել այս առաքելությունը՝ համալսարանի և ՈւԽ-ի շուրջ ձևավորված մարտահրավերների պայմաններում։ Այժմ պատճառն այն է, որ հասկանում եմ, թե որքան դժվարություններ են հաղթահարվել, և որքան հիշողություններ եմ ինձ հետ տանում։

Ճանապարհը հեշտ չի անցել։ Իմ պաշտոնավարման ընթացքում մենք անցել ենք փորձությունների միջով, դիմակայել մարտահրավերների, որոնց չդիմակայեցին առավել փորձառու ինստիտուտներ։ Քրտնաջան աշխատանքից, անսահման մեծ նվիրումից, միմիանց նկատմամբ ունեցած ընկերասիրության և աջակցության զգացումներից զատ, սա արդյունք էր պայքարի, որ տարվում էր հանուն մեկ գաղափարի։

Չեմ ուզում խոսել այն բազմաթիվ ծրագրերից, որ իրականացվել են համալսարանում այս տարիներին, բայց ուզում եմ ասել, որ մենք արել ենք ամեն ինչ, որ ուսանողները ճանաչեն իրենց հայրենիքը, Արցախը, պահպանեն ազգայինը, լինեն տեղեկացված, իրազեկ և որակյալ կրթության պահանջատեր։ Փորձել ենք անհամաձայնությունները լուծել հարգանքի և կառուցողականության մթնոլորտում և երբեք մարդկային կարմիր գծերը չենք հատել։

Դժվար է հեռանալը, քանի որ կյանքիս վերջին հինգ տարում ես ինձ ամբողջությամբ նվիրել եմ այս կառույցին։ Եղել են շատ ավելի գրավիչ առաջարկներ, որոնք միգուցե բավարարեին նյութական պահանջներ, սակայն երբեք ի զորու չէին լինի տալ այն, ինչ ես ստացել եմ այս պատերից ներս, ինչ ստացել եմ ուսխորհրդականից. մարդկային ու հայրենանվեր, գաղափարական ու հոգևոր արժեքներ, որոնք ինձ համար անփոխարինելի են։ Այս կառույցը քեզ կարող է մի ամբողջ կյանք նվիրել, եթե պատրաստ լինես ինքդ նվիրվել նրան, նվիրվել համալսարանին։

Ես այլևս իրավական տեսանկյունից պատասխանատու չեմ այս կառույցի գործունեության համար, բայց ուսանողների, ուսխորհրդականների և համալսարանի առաջ իմ փաստացի պատասխանատվությունը երբեք չի ավարտվի։

Ես բազմիցս կրկնել եմ. «եթե լավագույնն ես, բայց գործում ես միայնակ, կձախողես»։ ՈւԽ-ն անհատների մասին պատմություն չէ, այս գաղափարը չի սպառվում ինձնով կամ մեկ ուրիշով, այն վերածնունդ է ստանում գալիք սերնդի ջանքերով, որը, վստահաբար, արժանի է կրելու փոխանցվող ժառանգությունը։ Ուսանողական խորհուրդը մենք բոլորս ենք, և բոլոր այն ուսխորհրդականները, որոնք երբեք նախկին չեն լինում։

Սիրելի՛ ուսխորհրդականներ, ես ձեզ մաղթում եմ այնպիսի պայմաններ, որոնցում կարող եք խաղաղ ստեղծագործել և զարգացնել համալսարանը, բայց մինչ այդ, մենք բոլորս ունենք երկար և բարդ ճանապարհ՝ ի բարօրություն մեր պետության զարգացման և հայրենիքի շենացման։ Եղե՛ք ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, ոչինչ մի՛ արեք ինքնանպատակ, տվե՛ք, որ ստանաք և երբեք, երբեք մի՛ հանձնվեք, մի՛ դավաճանեք ինքներդ ձեզ և այն արժեհամակարգը, որի կրողն եք, քանի որ վաճառված ոչինչ չի պահպանում իր անգնահատելի արժեքը։ Թող հայրենիքի հանդեպ պարտքը, ամենօրյա աշխատանքը և մեծ նվիրումը առաջնորդեն ձեզ, վերջապես, թող ձեր առաջնային նպատակը լինի և մնա պետության համար պիտանի քաղաքացի դառնալը։

Այո, ես այսօր ավարտում եմ պաշտոնավարումս՝ որպես ԵՊՀ ՈւԽ նախագահ, բայց երբեք չեմ դադարում լինել ուսխորհրդական, երբեք չեմ դադարում լինել համալսարանական, ու երբեք չեմ դադարում ծառայել համալսարանի և հայրենիքի շահին։ Քանի որ ուսխորհրդականին բնորոշում է հենց այս եռամիասնությունը, իսկ ուսխորհրդականը, հարգելիներս, երբեք նախկին չի լինում։

Ուզում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր այն ուսխորհրդականներին, ովքեր այս ընթացքում ինչ-որ ձևով աջակցել են մեզ։ Առանց ձեզ վերոնշյալներից ոչինչ անել հնարվոր չէր լինի։

ԵՊՀ բոլոր ուսանողներին ամենայն բարին եմ մաղթում։ Կհանդիպե՛նք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս