Լեհաստանն առաջիկա օրերին չորս ՄիԳ-29 կուղարկի Ուկրաինային
Լեհաստանը չորս ՄիԳ-29 կործանիչ կմատակարարի Ուկրաինային: Նման հայտարարություն է արել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ Այդ մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը:
«Առաջիկա օրերին մենք չորս կործանիչ կտեղափոխենք Ուկրաինա, մյուս ՄիԳ-երը վերանորոգման կարիք ունեն», – ասել է Դուդան Վարշավայում Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:
Այս շաբաթվա սկզբին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել էր առաջիկա շաբաթներին լեհական ՄիԳ-29 կործանիչներ Ուկրաինա տեղափոխելու պատրաստակամության մասին։
Լեհաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է Ուկրաինային ՄիԳ-29 կործանիչներ մատակարարելու՝ Վարշավայի պատրաստակամության մասին, եթե այդ մատակարարումներն իրականացվեն միջազգային կոալիցիայի շրջանակներում։
Հաղորդվել է նաև, որ Վարշավան արդեն տասնչորս Leopard 2 տանկ է փոխանցել Ուկրաինային։