«Արմեն Խաչատրյանի պես ազգին ու հայրենիքին ոչ պիտանի մարդիկ միշտ էլ եղել են ու կլինեն…». Տեր Եփրեմ քահանա Հարությունյան
Մասյացոտնի Թեմի Դալար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր հայրենիքի ու ազգի համար ծայրահեղ լարված ու մտահոգիչ ժամանակներում, երբ փոխըմբռնումն ու միաբանությունը առավել կարևոր են քան երբևէ, ամեն մի չմտածված քայլ ու խոսք, արարք ու պահվածք էլ ավելի են փխրուն ու խոցելի դարձնում մեր հասարակական կյանքն ու հիմքերը…
Զավեշտալի ու պախարակելի է, երբ դա դրսևորվում է պատասխանատվության մեծ չափաբաժին կրող մեկի կողմից։
Խորհրդարանի ՔՊ խմբավցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի ճեպազրույցն, ինչ խոսք, դրա թարմ ու վառ օրինակն է։
Մի անձնավորություն, որին ժողովուրդն այսօր վստահել է երկրի օրենսդիր մարմնում ազգային և հասարակական կյանքի շատ մտահոգիչ հարցերի լուծումը տալ, շատ հանգիստ և ոչ մտահոգ կերպով արտահայտվում է թմրանյութերի օգտագործման նորմալ լինելու մասին, և դեռ ավելին, օգտագործողների մեջ հոգևորականներին մատնանշում։
Ինչ խոսք, հստակ է, թե ինչ նպատակ կա այս նենգավոր շեշտադրման մեջ, բայց անժխտելի է այն հանգամանքը, որ դարեր ի վեր ազգին միաբանող և հոգևոր-բարոյական արժեքներ սերմանող հայ եկեղեցին ու հոգևորականը նման քստմնելի զրպարտանքներից ու բամբասանքներից չեն երերացել, ընդհակառակը ավելի ըմբռնումով ու գիտակցորեն են շարունակել իրենց առաքելությունը հայ ժողովրդի անդաստանում…
Իսկ Արմեն Խաչատրյանի պես` ազգին ու հայրենիքին ոչ պիտանի մարդիկ միշտ էլ եղել են ու կլինեն…
Աստծո օրհնությունն ամենքիս…»։