Կառավարությունը 2,9 միլիարդ դրամ հատկացրեց մի շարք ավտոճանապարհները հիմնանորոգելու համար

Կառավարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացրեց 2 միլիարդ 865 մլն դրամ՝ մի շարք ավտոճանապարհների շինարարական աշխատանքները սկսելու և ավարտելու համար: Համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Նախ, ունենք 5 օբյեկտ, որոնք ավարտվել են նախորդ տարի, և, որպես կանոն, մենք այդ ընդհանուր գումարի 5 տոկոսը պահում ենք: Հանձնաժողովը վերջնական ստուգումներն իրականացնում է, օբյեկտը վերցնում ենք շահագործման, նոր 5 տոկոսը վճարում ենք: 5 օբյեկտի համար 5 տոկոսները վճարելու նպատակով ընդհանուր 210 միլիոն դրամ այս նախագծով կվճարենք:

Մյուսները 6 օբյեկտներ են, որոնցից 2-ը նախորդ տարի սկսել ենք, բայց ինչ-ինչ պատճառներով չկարողացանք ավարտել: Հիմա կշարունակենք, այս տարի կավարտենք, և այդ երկու օբյեկտի համար գումար ենք տրամադրում, ընդ որում՝ չկատարած մասի համար ենք տրամադրում: Եվ ընկերությունների համար կիրառվելու են նաև տույժեր, քանի որ 2022 թվականին պետք է ավարտեին և չեն ավարտել:

Ընդհանուր 2 միլիարդ 865 միլիոնից 2 միլիարդ 813 միլիոն-ը շինարարության կամ 5 տոկոսները վճարելու համար է, 23 միլիոնը՝ տեխնիկական հսկողության, և 29 միլիոնը՝ հեղինակային հսկողության համար»,- ասաց Գնել Սանոսյանը:

Նախագծի ընդունման նպատակն է՝ 2022թ-ից անավարտ մնացած թվով 2 ճանապարհահատվածների և 2022-2023 թվականների հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 1 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները 2023 թվականին ավարտելու, 2023 թվականի հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 1 ճանապարհահատվածի և թվով 2 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, ինչպես նաև 2022 թվականին ավարտված, սակայն ընդունող հանձնաժողովի ակտով չընդունված թվով 5 ճանապարհահատվածների շահագործման ընդունման և 5 (հինգ) տոկոսի վճարման համար նախատեսել ֆինանսական միջոցներ։

Տեսանյութեր

Լրահոս