«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված Կարեն Հունանյանը՝ Նարիրի Հունանյանի եղբայրը, ներման խնդրագիր է ներկայացրել ԱՆ․ «Փաստինֆո»
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Կարեն Հունանյանը, որը ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի եղբայրն է, արդարադատության նախարարություն ներման խնդրագիր է ներկայացրել։ Հոկտեմբերի 27-ին ահաբեկչական գործողություններից հետևանքով սպանված Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, «Մեդիահաբ» լրատվականի հետ զրույցում հայտնել էր, որ դիմել է ՀՀ ԱՆ և պարզել, որ Կարեն Հունանյանն իսկապես դիմել է ներման հարցերով զբաղվող հանձնաժողովին, որի իրավունքն ուներ։ Միևնույն ժամանակ Բախշյանն անհանգստություն էր հայտնել, որ նա ներման իրավունք ունի։
ՀՀ արդարադատության նախարարությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստացի չհերքեցին ներման խնդրագիր ստանալը, պարզապես զերծ մնացին մանրամասներ հայտնելուց՝ նշելով, որ «Ներման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7.1 կետի համաձայն. «7.1 Անձնական գործը, Հանձնաժողովի եզրակացությունը, տուժողի կամ նրա իրավահաջորդի՝ ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ գրավոր կարծիքը, ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը ենթակա չեն հրապարակման և փոխանցման (տրամադրման) երրորդ անձանց»:
«Հաշվի առնելով վերոգրյալը՝ Արդարադատության նախարարությունը իրավասու չէ ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել որևէ այլ անձանց»,- նշեցին նախարարությունից:
Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ը Հայաստանի պատմության ամենաարյունալի էջն է: Այդ օրը ԱԺ-ում գլխատվեց քաղաքական էլիտան: Ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանվեցին ՀՀ ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնիդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ՝ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը:
Ցմահ ազատազրկման են դատապարտվել Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը, Աշոտ Կնյազյանը, իսկ Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարի ազատազրկման: Հունանյան եղբայրները գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։
Նաիրի Հունանյանը, որը դատապարտվել է ահաբեկչության, հայրենիքի դավաճանության, ապօրինի զենքի կիրառման համար, ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչության օրը՝ 2019թ սեպտեմբերի 11-ին՝դիմում է ներկայացրել` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, որը մերժվել է։
Ինչ վերաբերում է «Հոկտեմբերի 27»-ի հնարավոր կազմակերպիչների, օժանդակողների դրվագին, ապա այդ մասը բուն գործից անջատվել է դեռևս 2000թ հուլիսի 11-ին, իսկ չորս տարի անց՝ կարճվել։ Ի դեպ, գործից մաս անջատելու մասին որոշումից «դժգոհ» էր մնացել ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որը 2004թ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած կոլեգիայի նիստին բարձրաձայնել էր վարույթը կարճելու անհրաժեշտության մասին և հայտարարել, թե գործից մաս անջատելը եղել է անօրինական՝ թելադրված քաղաքական իրավիճակով։ Նշված մասով գործի վարույթը վերաբացվել է Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք՝ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա։