Փակ հանդիպում Երևանում Անդերս Ֆոգ Ռասմուսենի մասնակցությամբ. ՆԱՏՕ-ի նախկին քարտուղարը կմեկնի նաև Ջերմուկ
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Հայաստանում է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Ուկրաինայի նախագահի նախկին խորհրդական, ներկայումս «Ռասմուսեն գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Այսօր Երևանում նա հանդիպումներ է ունեցել ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի հետ: Պաշտոնական, ըստ էության, բոլոր հաղորդագրություններում նշվում է, որ զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը: Ի դեպ, հարկ է հիշեցնել, որ սա Ռասմուսենի ու այս իշխանությունների միջև ամենևին էլ առաջին շփումը չէ, Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ, և ըստ ամենայնի, հենց այդ հանդիպման ժամանակ էլ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը ստացել է առանձին այցով ՀՀ ժամանելու հրավեր: Այդ ժամանակ ևս հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել:
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հայաստանյան այցը բավականին հագեցած է և չի սահմանափակվում միմիայն պաշտոնական շփումներով: Նախ, այցը երկօրյա է:
Մեզ հայտնի դարձավ նաև, որ այսօր Անդերս Ֆոգ Ռասմուսենը երևանյան հյուրանոցներից մեկում փակ հանդիպում է ունեցել Հայաստանում հիմնականում արևմտյան ազդեցության շուրջ մեկ տասնյակ փորձագետների հետ:
Հանդիպումը կազմակերպել է Փաշինյանի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, ի դեպ, հանդիպումը նախատեսված չէր լուսաբանման համար, իսկ մասնակից փորձագետներն ընտրված էին՝ ըստ իրենց աշխարհաքաղաքական նախասիրությունների: Սա նման այցերի դեպքում ստանդարտ ձևաչափ է, երբ գործիչը ցանկանում է է՛լ ավելի խորքից ծանոթանալ երկրում տիրող տրամադրություններին, նման դեպքերում կազմակերպվում են փակ հանդիպումներ փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ:
Սակայն նման այցերի դեպքում պարտադիր է նաև մամուլի հետ պատշաճ հաղորդակցության կազմակերպումը:
Մեզ հայտնի դարձավ, որ հայաստանյան այցի երկրորդ օրը Ռասմուսենը մեկնելու է Վայոց ձորի մարզ, մասնավորապես, Ջերմուկ քաղաք, որտեղ, չի բացառվում, որ լրագրողների համար ճեպազրույցով հանդես գա, սակայն ակնհայտ է, որ ոչ բոլոր ԶԼՄ-ները հնարավորություն կունենան մեկնել Ջերմուկ՝ Ռասմուսենին հարցեր հղելու նպատակով:
Դատելով պաշտոնական հաղորդագրություններից, կազմակերպված հանդիպման խորհրդապահական ռեժիմից՝ ՀՀ իշխանությունները մեծ կարևորությամբ են վերաբերվում Ռասմուսենի այցին Հայաստանի Հանրապետություն՝ նրան ընդունելով՝ որպես գործող պաշտոնյա:
Եվ այստեղ ամենաուշագրավ հանգամանքը, իհարկե, այն է, թե Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական սուր առճակատման և ՀՀ իշխանությունների աշխարհաքաղաքական շրջադարձի փուլում արևմտյան այս հեղինակավոր խորհրդատուն ինչ խորհրդատվություն է տրամադրում ՀՀ իշխանություններին: