Հայ գերիները՝ Ադրբեջանում. ահաբեկիչնե՞ր, պատանդնե՞ր, թե՞ սակարկության առարկա. BBC-ի հետաքննությունը

«BBC» ռուսական ծառայությունը ծավալուն հրապարակում է ներկայացրել Բաքվում հայ գերիների առկայության առնչությամբ:

168.am-ը ներկայացնում է հրապարակման սեղմ տարբերակը:

Բաքվում անազատության մեջ են մնում տասնյակ հայ ռազմագերիներ՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև վերջին բախումների պատանդները։ Զինծառայողներին «ահաբեկիչներ» կոչող Ադրբեջանը չի շտապում նրանց արտահանձնել Հայաստանին։ Այս մարդիկ սակարկության առարկա են  դարձել բանակցություններում, որոնք պետք է տանեին խաղաղության, բայց հայտնվեցին փակուղում։

2021 թվականի ամռանը Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման դատապարտեց 13 հայ զինծառայողների։ Նրանք մեղավոր են ճանաչվել ահաբեկչության, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու, սահմանի ապօրինի հատման, «զինված կազմավորումներ» ստեղծելու մեջ։

Դատավճիռը ապակե վանդակում լսել են այն զինվորականները, որոնց շրջապատել և կալանավորել են 2020թ. նոյեմբերի վերջին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Նրանք տեղակայվել էին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղում։

Այս գյուղը կարևոր կետ է պատերազմի ժամանակ  ամեն օր վերագծվող քարտեզի վրա։ Ադրբեջանական բանակն առաջնագիծը մոտեցրել էր Հին Թաղերին, և երբ մարտերն ավարտվեցին, գյուղը գտնվում էր «գորշ գոտում»։

Թե կոնկրետ ո՞վ էր վերահսկում Հին Թաղերը, պարզ չէ: Ղարաբաղ մտած ռուս խաղաղապահները կարծում էին, որ գյուղում ադրբեջանցիներ կան, ուստի ռուսները գյուղից 15 կիլոմետր հեռավորության վրա դիրքեր տեղադրեցին։ Բաքուն համաձայնել է այս որոշման հետ, սակայն Հայաստանը կարծում էր, որ քանի որ գյուղը չի գրավվել, այն մնում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ղեկավարության ներքո։ Արդյունքում՝ գյուղի մոտակայքում գտնվող դիրքերում շարունակվել է հայ զինծառայողների հերթափոխների փոխարինումը։

Շփոթություն էր տիրում մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր դժվարանցանելի տեղանքում, որտեղ երբեմն-երբեմն կորչում էր հեռախոսային կապը:

Ամբաստանյալներից Մանուկ Մարտոյանը Բաքվում դատավարության ընթացքում ասել էր՝ իրեն և իր ծառայակից ընկերներին ուղարկել են Հադրութի շրջան և կարգադրել են պահել դիրքը:

Դեկտեմբերի 13-ին Մարտոյանը վերադարձի հրաման է ստացել։ Դուրս գալով Հադրութի շրջանից՝ զինծառայողները բախվել են ադրբեջանցիների. մոտ 60 հայ գերի է ընկել։

Մարտոյանը նախ իրեն մեղավոր է ճանաչել՝ հույս ունենալով մեղմել իր ճակատագիրը, սակայն դատավարության ժամանակ հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել։ Նա ասել է, որ հրամանատարությունը հրահանգել է կրակ չբացել։

Բաքուն պնդում է, որ Ադրբեջանի տարածքում 33 հայ զինծառայող կալանավորված է։ Սակայն Հայաստանի նախկին օմբուդսման Արման Թաթոյանն ասում է, որ այդ թիվը չի համապատասխանում իրականությանը:

«Մենք անհայտ կորած զինծառայողների ցուցակները փոխանցեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: Ադրբեջանը հաստատեց, որ այդ մարդկանցից մի քանիսը` ընդամենը 33 հոգի, իրենց մոտ են: Բա այդ դեպքում որտե՞ղ են մնացածը»,- հարցնում է Թաթոյանը:

Հայաստանը կարծում է, որ ևս 80 մարդ կարող է լինել Ադրբեջանում։

ՀՀ նախկին օմբուդսմանը հավելում է. «Մենք չգիտենք, թե որտեղ են նրանք, սպանվե՞լ են, թե՞ նրանց ինչ-որ տեղ թաքցնում են: Չկա որևէ միջազգային մեխանիզմ, որը կկարողանա պարզել ճշմարտությունը: Կա միայն Կարմիր խաչը, բայց նրանց աշխատանքը կոնֆիդենցիալ է, և նրանք հնարավորություն չունեն ստուգելու բոլոր այն վայրերը, որտեղ կարող են պահվել այդ մարդիկ»:

Իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը պարզաբանում է՝ իրավապաշտպանները երկար ժամանակ աշխատել են հայ զինծառայողներին ձերբակալելու կադրերի տեսագրությունները վերիֆիկացնելու ուղղությամբ։ Համացանցում տեղադրված այս տեսանյութերը թույլ են տալիս նշել ևս 80 մարդու (ի լրումն Ադրբեջանի կողմից ճանաչված 33-ի), ովքեր գերի են ընկել Ղարաբաղում։

«Փաստացի այդ մարդիկ համարվում են անհետ կորած, քանի որ նրանց գերությունը չի ճանաչվում Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Բայց, չնայած այս տեղեկությունը հաստատելուց հրաժարվելուն, գերության փաստը հաստատող բավականաչափ տեսանյութեր կան»,- վստահ է Սահակյանը։

«Սա մեծ խնդիր է բոլոր ռազմագերիների ընտանիքների համար: Օրերս հանդիպեցի մի խումբ անհայտ կորած զինվորների ծնողների հետ: Նստած էի նրանց դիմաց, և ինձ հարցնում էին, թե արդյո՞ք իրենց երեխաները տուն կվերադառնան: Ես նույնիսկ չգիտեի, թե ինչ պատասխանել»,- ասում է Արման Թաթոյանը:

Ադրբեջանը հայ գերիներին ահաբեկիչներ է համարում:

Փորձագետները կարծում են, որ գերեվարված զինվորներն Ադրբեջանի համար սակարկության առարկա են։ Սկզբում Բաքվում ասում էին, որ զինվորականներին չեն արտահանձնում Հայաստանին, քանի որ իբր Երևանը չի կատարել եռակողմ համաձայնագրի պայմանները. խոսքը գնում է ականապատ դաշտերի քարտեզները փոխանցելու՝ Հայաստանի խոստման մասին։

Հայաստանը, այնուամենայնիվ, հանձնեց քարտեզները, բայց ոչ բոլորն էին արտացոլում ականների հետ կապված իրական իրավիճակը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։

Իրավապաշտպան, Ղարաբաղյան հակամարտության տարեգիր Արիֆ Յունուսի կարծիքով՝ հայ զինվորները, 44-օրյա պատերազմի ընթացքում հապճեպ նահանջելով, պարզապես չեն հասցրել ֆիքսել իրենց տեղադրած ականների դիրքը։

«Գերիները անհրաժեշտ են քաղաքական ժեստերի համար: Օրինակ, երբ ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչը եկավ տարածաշրջան, Ադրբեջանի իշխանությունները ժեստ արեցին, 15 հոգու հանձնեցին»,- ասում է փորձագետը՝ կարծելով, որ այդ ժամանակ Ադրբեջանը որոշեց ժեստ անել ամերիկացիների համար՝ առանց որևէ քարտեզ ստանալու։

Նրա խոսքով՝  Ադրբեջանը կարող է հայ գերիներին պահել նաև Հայաստանի հետ բանակցություններում իր դիրքերն ամրապնդելու համար։

Նման կարծիք է հայտնում նաև Ղարաբաղյան հակամարտության ոլորտի փորձագետ, ադրբեջանցի լրագրող Շահին Ռզաևը։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները բանակցություններում «գերիներին օգտագործում են» որպես լրացուցիչ փաստարկ՝ Երևանից ինչ-որ զիջումներ ստանալու համար»։

Մինչ Ղարաբաղի շրջափակումը շարունակվում է, գերիների վերադարձի գործընթացը կանգ է առել։ Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ սա հաստատում է այն փաստը, որ Ադրբեջանը «քաղաքականացնում է այդ հարցերը»։

«Երբ լարվածություն է առաջանում քաղաքական օրակարգի հարցերի շուրջ, հումանիտար հարցերն էլ չեն լուծվում: Սա, իմ կարծիքով, լրացուցիչ ապացույց է, որը հաստատում է՝ ռազմագերիներն իրականում պատանդ են և պահվում են ճնշում գործադրելու և քաղաքական պահանջները բավարարելու համար»,- ասում է Սահակյանը։

«Այս մարդկանց գերության մեջ պահելը բացասաբար է անդրադառնում բանակցային խաղաղ գործընթացի վրա, և եթե Ադրբեջանը նրանց ազատ արձակի, դա խաղաղության օգտին լավ ժեստ կլինի»,- ասում է Ղարաբաղյան հակամարտության  բրիտանացի փորձագետ Լոուրենս Բրոերսը։

Ըստ նրա՝ այն, որ զինվորականները դեռ գերության մեջ են, վատ է անդրադառնում Ադրբեջանի վրա, չի ամրապնդում նրա դիրքերը խաղաղ համաձայնագրի համար: Սա շատ նման է նրան, որ այդ մարդկանց՝ հայ ռազմագերիներին, Ադրբեջանը սակարկության առարկա է դարձնում, ինչը հայ հասարակության աչքերում նրան բոլորովին էլ որպես խաղաղասեր հարևան չի ներկայացնում:

Արևմտյան ժողովրդավարությունների առաջամարտիկ երկրները և միջազգային կառույցները կշտամբում են Ադրբեջանին՝ հասկացնելով, որ հայ ռազմագերիների հետ կապված իրավիճակը մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ օրինակներից միայն մեկն է։

Ղարաբաղյան պատերազմին առնչվող մարդու իրավունքների ամենավերջին խախտումներից են ղարաբաղցի հայերին Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի շրջափակումը և անցյալ սեպտեմբերի սրացումների ժամանակ հայ գերիների սպանությունը:

Ինչ վերաբերում է գերիներին, Ադրբեջանն առանձնապես չի թաքցրել, թե ինչ պայմաններով է պատրաստ զինվորականներին հայրենիք արտահանձնել։

Դեռ մի քանի տարի առաջ ադրբեջանցի քաղաքական գործիչ Սամեդ Սեիդովը, ով գլխավորում էր երկրի պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ասել էր. «Բաքուն պատրաստ է քննարկել «ահաբեկիչների» վերադարձի հարցը, եթե Հայաստանը համաձայնի ստորագրել խաղաղության պայմանագիրը»։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս