Լոռի Բերդի ֆեոդալը

Կար ժամանակ, երբ գործող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը համարվում էր Նիկոլ Փաշինյանի թիմի ու առհասարակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եզակի ազնիվ գործիչներից մեկը: Բայց այդ ժամանակ Սուրեն Պապիկյանը դեռ պաշտպանության նախարար չէր ու չէր համարում, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն Ադրբեջանինն է, և, որ մենք այնտեղ անելիք չունենք:

Այդ ժամանակ սովորական ուսուցչից նոփ-նոր բարձր պաշտոն ստացած Սուրեն Պապիկյանը չէր էլ կարող երազել, որ 168.000 դոլարով կարճ ժամանակում երկրորդ նորակառույցում բնակարան կգնի, որն այսօր կարժենա 412.000 դոլար:

Կարդացեք նաև

Բայց դա նախկինում էր. այսօր Սուրեն Պապիկյանը մեծահարուստ պաշտոնյա է, և կարող է իրեն նման ծախսեր ու ճոխություններ թույլ տալ, իսկ ազնվության, արդար աշխատանքի, բյուջեն թալանելու, հովանավորչության ու այլ ճռճռան թեզերը փաստացի իշխանության գալու համար էին, մի բան, որ բնորոշ է բոլոր պոպուլիստ իշխանություններին:

Սուրեն Պապիկյանի բդեշխական նկրտումների մասին 168.am-ը դեռևս 2022թ. Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից առաջ էր գրել, երբ Սուրեն Պապիկյանն իր հայրենի Լոռի Բերդ խոշորացված համայնքում համայնքապետ դարձրեց բոլոր իշխանություններին հլու-հնազանդ ծառայող՝ գործող համայնքապետ Արայիկ Ներսիսյանին, բավականին պատկառելի ունեցվածքի տեր մի մարդու:

Լոռի Բերդ համայնքում, ի դեպ, որը ներառում է Լոռի Բերդ, Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով և Ուռուտ գյուղերը, մարդիկ ապրում են տարրական կենցաղային պայմաններից զուրկ: Մասնավորապես, համայնքի գյուղերում խմելու ջուրը տալիս են 3 օրը մեկ անգամ, և ամռան շոգ օրերին մարդիկ ապրում են ջրից ջուր գրաֆիկով՝ իրենց կյանքը, կենցաղը, օրակարգը հարմարեցնելով ջրի գրաֆիկին: Եվ սա՝ զբոսաշրջային նշանակության գոտում:

Սուրեն Պապիկյանի հայրական տունը Լոռի Բերդում գտնվում է «Լոռի Բերդ ամրոց» արգելոց տանող ճանապարհին: Նախորդ դարում կառուցված, 20-րդ դարավերջին բնորոշ առանձնատուն է, որի մուտքի աջ կողմում փակցված է բրոնզագույն մետաղյա ցուցատախտակ՝ «Այստեղ ապրում է պատերազմի վետերան»: Տեղացիների խոսքով՝ Սուրեն Պապիկյանի պապն է ապրում այդ տանը, և ցուցատախտակը նրա պատվին է փակցված:

Տունը շրջապատված է նորակառույց բարձր, թանկարժեք քարե պարսպով: Անզեն աչքով անգամ նկատելի է՝ պարիսպը կառուցված է Սուրեն Պապիկյանի իշխանական ժամանակներում արդեն: Լուսանկարներից էլ երևում է, որ տունը շքեղ վերանորոգված է, բակում կան տաղավարներ, հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ այլ ատրիբուտներ: Մեզ ասացին՝ այդ տանն է բնակվում նաև Սուրեն Պապիկյանի հայրը՝ «մսավաճառ Ռաֆոն», ով այսօր էլ զբաղվում է նույն բիզնեսով:

Ի դեպ, համագյուղացիները պատմում էին, որ այդ տարածքում ամեն բան որոշվում է այնպես, ինչպես Ռաֆիկ Պապիկյանը կասի. ոչ ֆորմալ համայնքապետն ինքն է: Որևէ ֆինանսական նշանակության գործարք կամ որոշում առանց պաշտպանության նախարարի հոր մասնակցության՝ չի կայացվում:

Լոռի Բերդում որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Պապիկյանները գնում են այն ամենը, ինչ վաճառվում է՝ հողեր, անասուններ, բնակարաններ:

«Պայմանավորվում են էժան գներով գյուղացիների հետ, առնում: Դե, բնականաբար, գնորդ իրենք չեն ներկայանում, այլ իրենց մերձավորները, սակայն ո՞վ չգիտի՝ ում համար է»,- ասաց Լոռի Բերդի մեր աղբյուրը:

Համայնքի բնակիչների խոսքով՝ Սուրեն Պապիկյանն անասնաֆերմա ունի Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում:

«Հիմնական գլխաքանակն էժան գներով գնել են տուն-տեղ, հայրենիք ու ունեցվածք կորցրած  արցախցիներից: Բայց հո մենակ դա՞ չի: Հողեր են գնել Մաքսիմ Գորկի գյուղից, ուր արդեն գրեթե բնակիչ չկա, Ստեփանավան քաղաքի՝ Լոռվա ձորի բերանի տարածքներից»,- 168.am-ի հետ զրույցում ասացին համայնքի բնակիչները:

Ի դեպ, դեռ ամռանն այս թեմայի մասին մենք գրել էինք: Դեռ այն ժամանակ ահազանգ էինք ստացել, որ Ռաֆիկ Պապիկյանը, գործող համայնքապետ Արայիկ Ներսիսյանի հետ միասին, բավականին էժան գներով օտարում են համայնքապատկան հողերը ու դրանք վաճառում յուրայիններին՝ ապահովելով բավականին պատկառելի եկամուտ: Համագյուղացիները հատ առ հատ գիտեին՝ ում են վաճառվել այդ հողերը, և ինչ կապ ունեն այդ մարդիկ Ռաֆիկ Պապիկյան-Արայիկ Ներսիսյան զույգի հետ:

«Մենք չէինք պատկերացնում, որ Պապիկյան Սուրենը մի օր էս մարդը կդառնա: Առնում են, առնում, բայց գոնե մի քիչ նորմալ պահեն իրենց: Հո ամեն ինչ առնելո՞վ չէ: Էս վերջերս էլ Պապիկյանի հարազատներից մեկը «բանկի տակ մնացած» տունն էժան գներով, կոպեկներով առավ: Գումարն էլ մեծ չէր: Շատ էլ թե մարդիկ նեղն էին, գրավ դրած տան փողը ժամանակին չեն կարողացել վճարել, մարդու ձեռքից տունը պետք է վերցնե՞ք…»,- տարակուսեց մեր ստեփանավանցի զրուցակիցը՝ խոստանալով առաջիկայում բացահայտել՝ ով է բնակարանի գնորդը:

Պապիկյան ընտանիքի ֆեոդալական ներկայից այլ մանրամասներ կներկայացնենք մեր հաջորդ հրապարակումներում: Փաստ է, որ համայնքում դժգոհությունը Սուրեն Պապիկյանի ընտանիքից մեծանում է, իսկ դա նշանակում է, որ նոր ու ուշագրավ բացահայտումների պակաս չի լինի:

Տեսանյութեր

Լրահոս