Պապիկյանի հայրենի Լոռի Բերդ համայնքի՝  ՔՊ-ականների սրտի թեկնածու գործող համայնքապետը հայտարարագրել է 44 միավոր անշարժ գույք և 12 հատ տրանսպորտային միջոց

Ուղիղ մեկ ամսից՝ սեպտեմբերի 25-ին, Հայաստանի մի շարք համայնքներում տեղի կունենան Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ: Համայնքի ղեկավար կընտրի նաև Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Լոռի Բերդ խոշորացված համայնքը: Լոռի բերդ համայնքը ստեղծվել է Լոռի Բերդ, Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով և Ուռուտ համայնքների միավորումից: Բնակչությունը մոտ 6 000 է: Համայնքային կենտրոնը Լոռի Բերդ գյուղն է՝ պաշտպանության նախարար, Նիկոլ Փաշինյանի մերձավոր Սուրեն Պապիկյանի ծննդավայրը:

Ի դեպ, նախարարի հայրական տունը Լոռի Բերդում գտնվում է «Լոռի Բերդ ամրոց» արգելոց տանող ճանապարհին: Ոչ շքեղ, նախորդ դարում կառուցված, 20-րդ դարավերջին բնորոշ առանձնատուն է, որի մուտքի աջ կողմում փակցված է բրոնզագույն մետաղյա ցուցատախտակ՝ «Այստեղ ապրում է պատերազմի վետերան»: Տեղացիների խոսքով՝ Սուրեն Պապիկյանի պապն է ապրում այդ տանը, և ցուցատախտակը նրա պատվին է փակցված:

Տունը շրջապատված է նորակառույց բարձր, թանկարժեք քարե պարսպով: Անզեն աչքով անգամ նկատելի է՝ պարիսպը կառուցված է Սուրեն Պապիկյանի իշխանական ժամանակներում արդեն: Մեզ ասացին՝ այդ տանն է բնակվում նաև Սուրեն Պապիկյանի հայրը՝ «մսավաճառ Ռաֆոն», ով այսօր էլ զբաղվում է նույն բիզնեսով:

Ի դեպ, համագյուղացիները պատմում էին, որ այդ տարածքում ամեն բան որոշվում է այնպես, ինչպես Ռաֆիկ Պապիկյանը կասի. ոչ ֆորմալ համայնքապետն ինքն է: Որևէ ֆինանսական նշանակության գործարք կամ որոշում առանց պաշտպանության նախարարի հոր մասնակցության՝ չի կայացվում:

Մասնավորապես, 168.amի՝ տեղի աղբյուրների փոխանցմամբ՝ Ռաֆիկ Պապիկյանը գործող համայնքապետ Արայիկ Ներսիսյանի հետ միասին, բավականին էժան գներով օտարում են համայնքապատկան հողերը ու դրանք վաճառում յուրայիններին՝ ապահովելով բավականին պատկառելի եկամուտ: Համագյուղացիները հատ առ հատ գիտեին՝ ում են վաճառվել այդ հողերը, և ինչ կապ ունեն այդ մարդիկ Ռաֆիկ Պապիկյան-Արայիկ Ներսիսյան զույգի հետ:

Ուշագրավ է, որ Լոռի Բերդ համայնքում մարդիկ ապրում են տարրական կենցաղային պայմաններից զուրկ: Մասնավորապես, համայնքի գյուղերում խմելու ջուրը տալիս են 3 օրը մեկ անգամ, և ամռան շոգ օրերին մարդիկ ապրում են ջրից ջուր գրաֆիկով՝ իրենց կյանքը, կենցաղը, օրակարգը հարմարեցնելով ջրի գրաֆիկին: Եվ սա՝ զբոսաշրջային նշանակության գոտում:

Բայց, ըստ ամենայնի, համայնքապետին, ով հավակնություն ունի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում վերընտրվելու, համայնքի ջրի մատակարարման այս վիճակն առանձնապես չի հետաքրքրում, իր վերադասին՝ նույնպես: Ավելի կարևոր գործեր ունեն:

Առջևում ՏԻՄ ընտրություններ են, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խնդիր ունի ամեն գնով ապահովել իր թեկնածուի՝ գործող համայնքապետ Արայիկ Ներսիսյանի վերընտրությունը, և այդ գործին լծվել է տարածքի կուսակցական ողջ ակտիվը՝ գյուղական հեղինակությունների ներգրավմամբ:

Արայիկ Ներսիսյանը, տեղացիների փոխանցմամբ, անհիշելի ժամանակներից համայնք է ղեկավարում: Հաջողությամբ կարողանում է հարմարվել ցանկացած իշխանության ու կատարել նրանց կամքը: Նույն կերպ և շատ արագ դարձավ մոլի ՔՊ-ական ու հիմա վայելում է կառավարող ուժի աջակցությունը:

Բավականին ունևոր մարդ է Արայիկ Ներսիսյանը: Ըստ Կոռուպցիայի կանխարգելման կոմիտեի կայքում ներկայացված 2021թ. գույքի և եկամուտների հայտարարագրի՝ միայն Արայիկ Ներսիսյանի անվամբ կա գրանցված 44 անշարժ գույք, որոնցից 30-ը՝ հողամաս, 4-ը՝ բնակարան՝ Ստեփանավան քաղաքում,  1-ական անհատական բնակելի տներ՝ Ստեփանավանում, Յաղդանում, հասարակական նշանակության շինություններ՝ Ստեփանավանում ու Կողեսում, 3 ավտոտնակ՝ Ստեփանավանում, արտադրական նշանակության շինություն՝ Կողեսում, և մեկ բնակարան՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Գույքերի գերակշիռ մասին Արայիկ Ներսիսյանը տիրապետում է միանձնյա սեփականության իրավունքով: Ավելի ճիշտ՝ համատեղ սեփականության իրավունքով Արայիկ Ներսիսյանն ունի 44-ից ընդամենը 4 գույք՝ երևանյան բնակարանը, Ստեփանավանի սեփական տունը և երկու հողամաս:

Լոռի Բերդի ՔՊ-ական համայնքապետը նաև 5 միավոր գյուղտեխնիկա ունի՝ անվավոր ու թրթուրավոր մեքենաներ, ինչպես նաև 4 հատ մարդատար մեքենաներ՝ տարբեր մակնիշների, և ևս 3 բեռնատար մեքենաներ:

Տիրապետվող բանկային և էլեկտրոնային դրամական միջոցների վերաբերյալ տվյալները բացակայում են, բայց հայտարարագրված է 30.000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար և 10 միլիոն ՀՀ դրամ:

Մեր տեղեկություններով՝ Արայիկ Ներսիսյանի հնարավոր մրցակիցը բոլոր եղած թեկնածուների միջից Կարլեն Վերմիշյանն է, ով ներկայացնում է համայնքի կազմում գտնվող բավականին խոշոր Ագարակ գյուղը: ՏԻՄ մասնակից հնարավոր բոլոր քաղաքական ուժերին իրեն վաճառելու անհաջող փորձերից հետո, ի վերջո, ծվարել է Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիր» կուսակցության թևի տակ, որն ակտիվորեն մասնակցում է ՏԻՄ ընտրություններին:

Հատկանշական է, որ Կարլեն Վերմիշյանը նախկինում նույնպես ՔՊ-ի նվիրյալ աջակից է եղել, բավականին շատ ու եռանդուն աջակցել է Նիկոլ Փաշինյանին ու նրա կուսակցությանը, բայց… «գցվել է» նրանց կողմից, որևէ պաշտոնի չի նշանակվել ու հիմա որոշել է առաջադրվել որպես համայնքապետի թեկնածու այլ կուսակցության կողմից:

Տեսանյութեր

Լրահոս