Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ գերիների փոխանակման շուրջ համաձայնագրի մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ գերիների փոխանակման վերաբերյալ, գրում է Tasnim-ը։
Իրանի արտգործնախարարը նշել է, որ փոխանակումը կկատարվի «եթե ամեն ինչ լավ ընթանա»։
Նրա խոսքով՝ Իրանն ու ԱՄՆ-ը հաղորդագրություններ են փոխանակում՝ կապված Թեհրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու բանակցությունների հետ։
«Մենք համաձայնության ենք եկել (ԱՄՆ-ի հետ) գերիների փոխանակման շուրջ։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք ականատես կլինենք գերիների փոխանակմանը», – ընդգծել է Իրանի արտգործնախարարը։
Նա նշել է, որ Իրանը եւ ԱՄՆ-ն փաստաթուղթը ստորագրել են 2022 թվականի մարտին՝ անուղղակի ձեւով, քանի որ Վաշինգտոնն աշխատում է վերջին տեխնիկական հարցերի վրա։
Իրանի համար շատ կարեւոր է, որ Թեհրանի հասցեին անհիմն մեղադրանքները մերժվեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից, ասել է Ամիր Աբդոլլահիանը։
Մատնանշելով Իրանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ «ամուր համագործակցությունը»՝ Ամիրաբդոլլահիանն ասել է, որ նման համագործակցությունը դրական ազդեցություն կունենա պատժամիջոցների վերացման բանակցությունների վրա։
«Պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններում ամերիկյան կողմը մինչ այժմ չուներ վերջնական որոշում կայացնելու քաջություն, մինչդեռ Իրանը շատ թափանցիկ է եղել՝ իր գաղափարները բանակցային սեղանի շուրջ հայտնելիս», – ասել է նա։
Իրանը եւ ԱՄՆ-ն նախկինում երկու բանտարկյալների փոխանակում են ունեցել՝ մեկ անգամ՝ 2016 թվականի հունվարին, երբ իրականացվեց Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) եւ երկրորդ անգամ՝ 2019 թվականի դեկտեմբերին։