Մոլդովայում ցուցարարները վերջնագիր են ներկայացրել կառավարությանը
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում «Շարժում ժողովրդի համար» շարժման կազմակերպած զանգվածային բողոքի ցույցերը, որոնց ընթացքում տասնյակ մասնակիցներ են բերման ենթարկվել, պաշտոնապես ավարտվել են, ընդդիմությունը բանաձև է ընդունել, որով կառավարությունից պահանջել է վճարել ջեռուցման ու էլեկտրաէներգիայի վարձավճարները։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Պահանջում ենք, որ իշխանությունները վճարեն երկրի բոլոր քաղաքացիների գազի, էլեկտրաէներգիայի և ջեռուցման վարձավճարները ձմռան երեք ամսվա համար: Սա մեր վերջնական պահանջն է: Կառավարությանը տալիս ենք 24 ժամ մեր պահանջները կատարելու համար», – հայտարարել է «Շոր» կուսակցության փոխնախագահ Մարինա Տաուբերը։
Բացի այդ, բողոքի ակցիայի մասնակիցները նաև կոչ են արել երկրի առաջին դեմքերին՝ նախագահ Մայա Սանդուին, խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսին և վարչապետ Դորին Ռեչանին, հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից։
Ցուցարարները որոշել են բանաձևի տեքստը փոխանցել գործադիր իշխանությանը, ուստի շարասյունը շարժվել է դեպի Կառավարության շենք, սակայն ոստիկանները կրկին կանգնեցրել են ակցիայի մասնակիցներին։ Այնուամենայնիվ, Տաուբերին հաջողվել է կառավարությանը փոխանցել բանաձևի տեքստը։
«Շարժում ժողովրդի համար» շարժումը բողոքի ակցիաները վերսկսել է փետրվարի կեսերից։ Այսօրվա ցույցին մասնակցում էին քաղաքացիների երկրի բոլոր շրջաններից, սակայն կազմակերպիչները հայտնել են, որ շատերը չեն կարողացել հասնել մայրաքաղաք, քանի որ ոստիկանները կանգնեցնում էին Քիշնև եկող ավտոբուսները։
Բողոքի ցույցերի մասնակիցները պահանջում են նախագահ Մայա Սանդուի հրաժարականն ու գնաճի դադարեցումը։ Այսօրվա ակցիային շատերը եկել էին «Ամո՛թ», «Դադարեցրեք գնաճը», «Արժանապատիվ կյանք ենք ուզում», «Մի փակեք մեր բերանը դատախազության միջոցով», «Պահանջում ենք նախագահ Մայա Սանդուի հրաժարականը» գրություններով պաստառներով։