
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտնել է հացահատիկի գործարքի երկարաձգման հարցում Մոսկվայի և Կիևի դրական վերաբերմունքի մասին

Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հացահատիկի գործարքը, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի մարտի 18-ից։ Այս մասին կիրակի օրը Թուրքիայի զինված ուժերի բազայում Anadolu գործակալության խմբագիրների հետ կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Երկու կողմերն էլ դրական են տրամադրված, վստահ են, որ արդյունքը դրական է լինելու։ Մենք հավատում ենք, որ գործարքը մարտի 18-ին կերկարաձգվի», – ասել է Աքարը։
Մարտի սկզբին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան գործադրում է ամեն ջանք՝ երկարաձգելու ՄԱԿ-ի կողմից աջակցություն ստացած նախաձեռնությունը, որը Ուկրաինային թույլ է տալիս հացահատիկ արտահանել Ռուսաստանի կողմից արգելափակված նավահանգիստներից՝ իր զորքերի մուտքից հետո:
Չավուշօղլուն նաեւ ասել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել է գործարքը երկարաձգելու ջանքերը։
«Սեւծովյան հացահատիկի նախաձեռնությունը», որը կազմակերպվել է ՄԱԿ-ի եւ Թուրքիայի միջնորդությամբ, անցած հուլիսին թույլ է տվել հացահատիկ արտահանել Ուկրաինայի երեք նավահանգիստներից: Համաձայնագիրը երկարաձգվել է նոյեմբերին եւ լրանում է մարտի 18-ին, եթե երկարաձգման շուրջ համաձայնություն ձեռք չբերվի։
Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ կհամաձայնի երկարաձգել հացահատիկի սեւծովյան գործարքը միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն սեփական գյուղմթերք արտադրողների շահերը: