
Մեր հիմնական նպատակն է փոխել իշխանությունը և Վրաստան բերել արևմտամետ, ուկրաինամետ իշխանություն․ Վրաստանի ՆԳ նախկին նախարար

Մենք պատրաստվում ենք զանգվածային բողոքի ցույցեր սկսել, մեր հիմնական նպատակն է փոխել իշխանությունը և Վրաստան բերել արևմտամետ, ուկրաինամետ իշխանություն,- այս մասին մարտի 10-ին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, Ուկրինֆորմ մեդիա կենտրոնում, որտեղ տեղի է ունեցել քննարկում գլոբալ նախաձեռնության՝ «Փրկեք Միշային» թեմայով:
«Մենք պատրաստվում ենք զանգվածային բողոքի ցույցեր սկսել, և ես վստահ եմ, որ վրաց հասարակությունը մեզ կաջակցի։ Իհարկե, մեր հիմնական նպատակն է փոխել իշխանությունը եւ Վրաստան բերել արեւմտամետ, ուկրաինամետ իշխանություն, որպեսզի Ուկրաինան միայնակ չմնա, քանի որ մենք գործնականում դաշնակիցներ ենք։ Մենք պետք է միասին լինենք և միասին տոնենք ոչ միայն Ռուսաստանի դեմ հաղթանակը, այլև Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելը։ Վստահ եմ, որ այս գարունն ու ամառը շատ հետաքրքիր են լինելու Վրաստանի խնդիրների լուծման առումով»,- Մերաբիշվիլիի խոսքը մեջբերում է Վրաստանի «Առաջին» ալիքը։