Հայաստան-Սփյուռք կապը վերականգնելու համար հարկավոր են նոր մոտեցումներ. «Ապագա հայկականը» համաժողովի 2-րդ օր
«Ապագա հայկականը» առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի մասնակիցների մեծամասնությունը՝ 57 տոկոսը, կարծում է, որ վստահության ճգնաժամը հաղթահարելի է համագործակցության նոր հարթակների ստեղծմամբ. միասնականությունը կբազմապատկի արդյունքները:
Այս մասին համաժողովի երկրորդ օրվա «Հայաստան-Սփյուռք միասնականություն» նպատակի քննարկումների արդյունքների ամփոփման ժամանակ ասաց հաշվիչ, վերահսկիչ հանձնախմբի անդամ, մոսկվայաբնակ Լյուդմիլա Մկրտչյանն, ընդգծելով, որ սա բացառիկ նախաձեռնություններից մեկն է, երբ սփյուռքի ձայնը, կարծիքը և համախմբվածությունը կարող են բերել մեծ ձեռքբերումներ ամուր և կայուն հայրենիք ստեղծելու համար:
Լյուդմիլա Մկրտչյանը նշեց նաև, որ մասնակիցների 53,2 տոկոսը քվեարկել է այն տեսակետի օգտին, որ Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնական օրակարգը պետք է լինի Հայաստանի հզորացումը՝ ակնկալիքով, որ հետո հզորացող Հայաստանը շատ ավելի հեշտ կնպաստի հայապահպանությանը սփյուռքում: Թե ինչպե՞ս պետք է կառավարվի Հայաստան-Սփյուռք օրակարգի իրականացումը, մասնակիցների 45.9 տոկոսը գտնում է, որ պետք է կառավարվի Հայաստանից՝ սփյուռքահայերի մասնակցությամբ՝ սահմանադրական բարեփոխումներով սփյուռքի համար նախատեսելով պետական կառավարմանը մասնակցելու մեխանիզմներ: Իսկ 37.7 տոկոսը կարծում է, որ պետք է կառավարվի նոր ստեղծվող համահայկական կառույցի միջոցով, որը կհամախմբի բոլոր գործող մեխանիզմները և կներդաշնակեցնի աշխատանքը:
«Քվեարկության ընթացքում ամրագրվել են առաջնահերթություններ որոնք կարևոր էին մասնակիցների գրեթե մեծամասնության համար. դրանք են՝ «Back to Armenia» համահայկական շարժման, «Հայաստան» ներդրումային ընկերության, Համահայկական լոբիստական ցանցի, գործարարների համագործակցային ցանցի և Հայաստանի հայոց լեզվի ուսուցիչների՝ Սփյուռքի համայնքներ պարբերական գործուղումների ինստիտուտի ստեղծումը: Սրանք այն կարևոր հարցերն էին, որոնք Սփյուռքին և բոլորին շատ են հետաքրքրում և որի վրա մենք դեռ կշարունակենք աշխատել»,- նշեց Մկրտչյանը:
Նա նաև ընդգծեց՝ կարևոր է, որ Սփյուռքը ընդգրկված լինի կառավարման համակարգում և, ինչու չէ, Սփյուռքի ձայնը նույնպես կարողանան օգտագործել: Ըստ նրա՝ մարդիկ ովքեր այսօր այստեղ են, ուզում են նոր շունչ հաղորդել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: «Այս երեք օրերի մտքերը լսելուց մենք պետք է հասկանանք մի բան, որ եթե ծրագիրը կազմում ենք, պետք է նոր էջից, նոր թիմով ստեղծենք մեր Հայաստանի ապագան»,- ասաց նա:
Լյուդմիլա Մկրտչյանն ընդգծեց, որ Հայաստան-Սփյուռք կապը վերականգնելու համար հարկավոր են նոր շունչ, նոր մոտեցումներ, քանի որ հին մեխանիզմները կորցրել են իրենց և՛ ուժը, և՛ վստահությունը: