
Բաքուն և Երևանը պետք է խստորեն պահպանեն եռակողմ համաձայնության բոլոր, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ դրույթները. Զախարովա

Ռուսաստանը շեշտում է Բաքվի ու Երևանի կողմից եռակողմ համաձայնությունների բոլոր դրույթները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի օգտագործման վերաբերյալ դրույթները պահպանելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Անդրադառնալով Ադրբեջանի՝ Արցախի հասցեին հնչեցրած նոր սպառնալիքների վերաբերյալ հարցին՝ Զախարովան ասել է. «Ցանկացած կողմի ռազմատենց հռետորաբանությունն անարդյունավետ է, այն չի օգնում խաղաղության օրակարգի առաջմղմանը: Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն և Երևանը պետք է խստորեն պահպանեն ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնությունների բոլոր դրույթները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության և Լաչինի միջանցքի օգտագործման վերաբերյալ»:
Նա հավելել է՝ կարծում են նաև, որ ներկայիս լարվածության թուլացմանը կնպաստի փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը պաշտոնական Երևանի ակտիվ մասնակցությունը: