ԼՂ-ն հայաթափելու Ադրբեջանի քաղաքականությունը կանխելու համար միջազգային դատապարտումը հրամայական է. հոդված Ինդոնեզիայի պետական լրատվականում

Ինդոնեզիայի պետական լրատվական Antara News-ը Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակել է ՀՀ դեսպանության տրամադրած հոդվածը , որում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի կողմից շարունակվող հերթական հայատյաց ակցիային՝ Լաչինի միջանցքն արդեն 80 օրից ավել փակ պահելուն:

Հոդվածում նշվում է, որ 35 տարի առաջ՝ փետրվարի 27-29-ին, Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ ու հանցավոր անգործության պայմաններում ադրբեջանական Սումգայիթ քաղաքում բնակվող հայերի նկատմամբ ջարդեր իրականացվեցին, արդյունքում սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք և տարեցներ, հազարավորները բռնի տեղահանվեցին:

Սումգայիթի՝ նախապես ծրագրված ջարդերը Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի՝ Արցախի ժողովրդի խաղաղ պահանջին՝ ազատ ու անկախ որոշելու իրենց ապագան:

Նշվում է, որ հանցագործները զոհերին թիրախավորել են բացառապես ազգային պատկանելությունից ելնելով, միակ չափանիշը եղել է հայ լինելը:

«Նրանք ավելի վաղ ձեռք էին բերել քաղաքի հայ բնակիչների հասցեները: Ամբոխը մտել է բազմաբնակարան շենքեր և փնտրել հայերին, որտեղ նրանք ապրում էին։ Կատարվել են խմբակային բռնաբարության, սեռական բնույթի բազմաթիվ բռնություններ», – ասվում է հոդվածում:

Նշվում է՝ կան բազմաթիվ ապացույցներ, ինչպես տպագիր, այնպես էլ վիդեո տարբերակով, որոնք անկասկած ապացուցում են Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավարության դերն ու ներգրավվածության շրջանակն այդ հանցագործությանը, որը վաղուց պետք է դատապարտվեր՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Ընդգծվում է նաև, որ փետրվարի 28-ի երեկոյան խորհրդային բանակի ստորաբաժանումները մտել են Սումգայիթ, սակայն բանակի ցուցաբերած անգործությունն ու ամենաթողությունը չեն խանգարել զանգվածային վայրագություններին: Եվ միայն փետրվարի 29-ի երեկոյան է բանակը դիմել վճռական գործողությունների, ու հայ բնակչության ջարդը կասեցվել է:

Հիշեցվում է, որ 1988 թվականի հուլիսի 7-ին Եվրախորհրդարանն ընդունել է Սումգայիթի ջարդերը դատապարտող բանաձև: Սումգայիթի ջարդերն առանձին դեպքեր չեն եղել, դրան հաջորդել են Խորհրդային Ադրբեջանի հայաբնակ այլ քաղաքներում՝ Կիրովաբադում, Բաքվում և այլուր հայերի նկատմամբ նմանատիպ բարբարոսությունները: Նշվում է Ադրբեջանի՝ էթնիկ զտման քաղաքականության մասին:

«Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի իշխանությունների նշված հանցագործություններն առանձին դրվագներ չէին, այլ պետականորեն ծրագրված հայատյացության վառ օրինակներ։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի ու նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմն ուղեկցվեց հայության դեմ ուղղված նմանատիպ հանցագործություններով: 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարից ի վեր Ադրբեջանը հարձակումներ է իրականացրել Հայաստանի և Արցախի դեմ 2021 և 2022 թվականներին»,-ասվում է հոդվածում:

Ապա շեշտվում է՝ հերթական հայատյաց ակցիան շարունակվում է արդեն ավելի քան 80 օր։ Ադրբեջանը ապօրինի շրջափակել է Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող կյանքի ճանապարհը: Սրա նպատակն է նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանել մնացած 120 հազար հայերին:

«Բաքվի ավտորիտար ռեժիմը դեռևս չի լսել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ ձեռնարկելու բոլոր միջոցները՝ բացել Լաչինի միջանցքը: Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղը հայաթափելու իր քաղաքականությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտումների ենթարկելու միջոցով։ Դա կանխելու համար միջազգային հանրության կողմից թիրախային դատապարտումն ու համապատասխան միջազգային մեխանիզմների կիրառումը հրամայական է»,-շեշտվում է հոդվածում:

Տեսանյութեր

Լրահոս