Բաժիններ՝

Վոլեյբոլի՝ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլը կանցկացվի Երևանում

Երևանում 2023 թվականի հուլիսի 21-23-ը կանցկացվեն վոլեյբոլի Եվրոպայի Մ22 տղաների առաջնության Ե ենթախմբի հանդիպումները:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Հայաստանի հավաքականի հետ կմրցեն Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Դանիայի հավաքականները: Վոլեյբոլի մինչև 22 տարեկան տղաների Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումները կկայանան 2024 թվականին Հոլանդիայում:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով՝ սա աննախադեպ իրադարձություն է.

«Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիան Հայաստանին է վստահել անցկացնել Եվրոպայի առաջնության ենթախմբային փուլը, որն աննախադեպ է հայկական վոլեյբոլի պատմության մեջ: Հայաստան կժամանեն Եվրոպայում լավագույնը համարվող Ֆրանսիայի և Դանիայի տղաների թիմերը: Համոզված ենք՝ պատվով կանցկացնենք այս խոշոր իրադարձությունը»:

Կարեն Ասմարյանը նշում է, որ սա լավ հնարավորություն է Հայաստանի համար՝ նախապատրաստվելու Երևանում 2025 թվականին կայանալիք Եվրոայի Մ17 տարեկան տղաների առաջնության եզրափակիչ մրցաշարին, որին 16 երկրի թիմեր են մասնակցելու:

Նախապատրաստվելով առաջիկա ստուգատեսին՝ Հայաստանի Մ22 տարեկանների հավաքականն ուսումնամարզական հավաքներ և ընկերական խաղեր կանցկացնի Վրաստանում: Հավաքական թիմը և մարզչական շտաբը կձևավորվեն մայիսին Երևանում նախատեսված մեկ այլ միջազգային երիտասարդական մրցաշարի արդյունքներով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս