
«Բանակցային առաջնագծում» ժողովածուի վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Ինչպես հայտնի է՝ մարտի 7-ին կայացավ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի նախաձեռնությամբ լույս ընծայված «Բանակցային առաջնագծում» ժողովածուի շնորհանդեսը:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ միջոցառմանը մասնակցելու համար հատուկ հրավերներ չէին ուղարկվել: «Թեմայով հետաքրքրվածները բազմաթիվ էին՝ դահլիճը լեփ-լեցուն էր, ներկաների մի մասը միջոցառմանը հետևում էին ոտքի վրա: Ներկա էին բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնց շնորհիվ միջոցառումը լուսաբանվում էր նաև ուղիղ հեռարձակմամբ»,- ասված է գրասենյակի հաղորդագրության մեջ:
Հրատարակչի տեղեկացմամբ՝ նախքան շնորհանդեսը, գրախանութներն արդեն գրեթե ամբողջությամբ գնել են գրքի՝ վաճառքի համար նախատեսված տպաքանակը:
Վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
«Շնորհակալություն բոլորին՝ գրքի հրատարակմանն աջակցած գործընկերներին՝ ԼՈՒՅՍ հիմնադրամին և «Նյումեգ» ընկերությանը, միջոցառման բոլոր մասնակիցներին, նաև նրանց, ովքեր մեծ ցանկություն ունեին, սակայն տարբեր հարգելի պատճառներով չկարողացան ներկա գտնվել, շնորհակալություն շնորհանդեսի կազմակերպմանն ու անցկացմանն աջակցած անձանց, միջոցառումը լուսաբանած լրատվամիջոցներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գրքի շնորհանդեսից հետո Սերժ Սարգսյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին։