Փաշինյանի ավտոշարասյան՝ Կառավարության շենք մտնելիս, ոստիկանները հարձակվեցին 2 անցորդի վրա
Այսօր առավոտյան Կառավարության հերթական նիստից առաջ Մելիք-Ադամյան փողոցի Կառավարության շենքի մուտքի մոտ, որտեղից Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը մտնում էր շենք, և այդ պահին երկու տղամարդ անցնում էին այդ հատվածով, այդ ժամին հավանաբար շտապում էին աշխատանքի: Վայրկյաններ անց ոստիկանության ավելի քան երկու տասնյակ ծառայողներ, կարծես մեկ հրահանգով, վազեցին դեպի քաղաքացիներն ու սկսվեց հրմշտոց, ծեծկռտուք, գոռգոռոց։
Կառավարության շենքի մուտքը հսկող ոստիկաններից մեկը քաղաքացիներին հրահանգեց կանգնել, ամենայն հավանականությամբ, ավտոշարասյան ու ոստիկանների բարձրացրած աղմուկի մեջ քաղաքացիները չէին լսել հրահանգը և ընդամենը մեկ քայլ առաջ էին գնացել, դրանից հետո ոստիկանները հարձակվեցին երկու քաղաքացիների վրա, թե՝ կանգնեք, ո՞ւր եք գնում։
Ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները սկսեցին գոռալ քաղաքացիների վրա, ինչից հետո Կառավարության շենքի մոտ կայանած ավտոբուսներից ավելի քան 3 տասնյակ ոստիկաններ արագ դուրս եկան ու վազքով մոտեցան մուտքին և առանց պարզելու հանգամանքները՝ սկսեցին քաշքշել քաղաքացիներին։