
Ադրբեջանի իշխանությունները փորձում են շեղել միջազգային հանրության ուշադրությունը մարտի 5-ի ահաբեկչական գործողությունից. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության վերաբերյալ․
«Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, թե իբր նույն օրը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ուղեկցությամբ, Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով անցել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյուն։
Այս կապակցությամբ հարկ ենք համարում ընդգծել, որ Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, և հանդիսանում է ադրբեջանական կողմի՝ միջազգային հանրությանը մոլորեցնելուն ուղղված հերթական կեղծիք:
Ադրբեջանի իշխանությունները նման ապատեղեկատվություն էին տարածում նաև Հայաստանից Արցախ այսպես կոչված ականների տեղափոխման մասին, սակայն փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բարձր մակարդակով մերժեց այդ կեղծիքը։
Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները նման կերպ փորձում են շեղել միջազգային հանրության ուշադրությունը մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական գործողությունից, Արցախի ժողովրդի դեմ շարունակվող ահաբեկչական և էթնիկ զտման քաղաքականությունից, ինչպես նաև հող նախապատրաստել հնարավոր նոր սադրանքների համար»։