
Վրաստանում ձերբակալված որոշ ցուցարարների տեղափոխել են մեկուսարաններ

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՎԵԻԱ) նախագահ Նոնա Քուրդովանիձեն ասել է, որ մարտի 7-ին ցույցի ժամանակ ձերբակալվածներից մի քանիսին տեղափոխել են Վրաստանի տարբեր քաղաքներ, այդ թվում՝ Քութայիսի, Դուշեթի, Գուրջաանի և Խաշուրի։ Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն։
ՎԵԻԱ-ի նախագահի խոսքով, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) չի բացատրել, թե ինչու են Թբիլիսիում ձերբակալվածներից մի քանիսին տեղափոխել այլ քաղաքներ։
Ըստ Քուրդովանիձեի՝ ձերբակալված ցուցարարների տեղափոխումը մարզեր եզակի սահմանափակում է նրանց իրավունքների պաշտպանության առումով, քանի որ խոչընդոտում է նրանց գտնվելու վայրը, փաստաբանների հետ շփումը և նրանց իրավունքների պաշտպանությունը:
«Հասարակական կազմակերպությունների իրավական աջակցության խումբը շարունակում է տեղեկություններ ստանալ ձերբակալվածների մասին, որոնել նրանց և այցելել տարբեր քաղաքների մեկուսարաններ։ Առայժմ մենք պաշտպանում ենք 46 կալանավորների իրավունքները։
Պարբերաբար ստուգում ենք տեղեկատվությունը, թե երբ են բերման ենթարկվածներին դատարան տանելու։ Այս պահին դատարանում գործեր չկան»,- ասել է Քուրդովանիձեն։
Մարտի 7-ին Թբիլիսիի կենտրոնում իրավիճակը լարվել էր, երբ խորհրդարանն անսպասելիորեն լիագումար նիստում քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։
Տեղում մոբիլիզացված հատուկջոկատայինները ցույցը ցրելու նպատակով կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ: Վաղ առավոտյան արդեն Ռուսթավելիի պողոտայում միայն ոստիկանական ուժերն էին։