Բաժիններ՝

Բա ասեիք՝ ուրախանար, որ իր կնոջ վարսավիրի ամուսինն արդեն պետի տեղակալ է

Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Քրեակատարողական ծառայություն (ՔԿԾ): Ըստ տարածված հաղորդագրության՝ ծանոթացել է կառույցի 2022 թվականի կատարողականին, գործունեության արդյունքներին և առաջիկա ծրագրերին:

Հաղորդագրության այլ մանրամասները չենք ներկայացնի. հեքիաթների հետ սեր ունեցողները կարող են ծանոթանալ դրան, չնայած ուշագրավ և բավականին զավեշտալի դրվագների պակաս չկա:

«Ավտոտրանսպորտային միջոցների օպտիմալացման հետ կապված զեկուցվել է, որ քրեակատարողական ծառայության հաշվեկշռում առկա է եղել թվով 82 տրանսպորտային միջոց, որից 11 տրանսպորտային միջոց հանձնվել է պետական գույքի կառավարման կոմիտե, 6 տրանսպորտային միջոցի հանձնումը ընթացքի մեջ է: 2022 թ. տարեվերջին ձեռք է բերվել 10 նոր հատուկ նշանակության տրանսպորտային միջոց, մնացորդը կազմում է թվով 75 տրանսպորտային միջոց: Առաջարկվել է ձեռք բերել թվով 16 էլեկտրոմոբիլ, դուրս գրել ևս 26 տրանսպորտային միջոց, որի արդյունքում ակնկալվում է տարեկան մինչև 58 մլն դրամի տնտեսում, պետական գույքային ֆոնդի թարմացում, ծառայության արդյունավետության բարձրացում»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Բայց, օրինակ, մոռացել էին նշել, որ ՔԿԾ պետի տեղակալների՝ բացարձակապես տնակյաց, այսինքն՝ Ծառայության կենտրոնական մարմնից դուրս չեկող, օրնիբուն ՔԿՀ-ներ չայցելող տեղակալների ծառայողական մեքենաները շարունակում են նրանց սպասարկել օրվա ամենատարբեր ժամերի, ընդ որում, իհարկե, պետական բենզինով: Եվ հետաքրքիր է, եթե Կենտրոնական մարմնի ծառայողական մեքենաները տեղում են, որտեղի՞ց են օպտիմալացրել՝ ՔԿ հիմնարկների՞ց, ուր դրանք օդ ու ջրի պես են անհրաժեշտ:

Առանձնահատուկ հպարտությամբ էին նշել, որ «Անվտանգության ապահովման ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքում 2022թ․ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում տեղադրվել է տեսահսկման սարքավորումածրագրային նորագույն սերնդի համակարգ, իսկ ՔԿԾ կենտրոնական մարմնում կահավորվել է օպերատիվ կառավարման կենտրոնական կայանը»: Բայց կրկին մոռացել էին նշել, որ այս կայանը սպասարկում են ոչ կոմպետենտ մարդիկ, այն առհասարակ իր նպատակին չի ծառայում, և 1 միլիոն դոլարը, ըստ էության, օդ է նետվել, եթե հաշվի առնենք ՔԿՀ-ներում տիրող աղետալի «բարդակը», ներսում երեկոյան շարժերի, վրեժխնդրության, ծեծկռտուքների, սպանությունների կամ սպանության փորձերի, հիվանդությամբ չպայմանավորված մահերի քանակը:

Բայց սա դեռ մի կողմ: Բազմիցս գրել ենք, հրապարակումների շարք կա 168.am-ում ՔԿԾ ղեկավարության կողմից ամենաթողության, աշխատանքին չտիրապետելու, համակարգի խնդիրները չհասկանալու կամ հովանավորչության ու կադրային անհեռատես քաղաքականության արդյունքում ՔԿԾ համակարգում առկա ու խորացող խնդիրների մասին: Նիկոլ Փաշինյանին հավանաբար չեն ասել, որ արդեն համակարգում բարձր պաշտոնների են նշանակվում ոչ միայն ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանի համերկրացի արտաշատցիները, համակարգի հետ կապ չունեցող նրա ընկերներն ու ընկերների ընկերները կամ քավորի երաշխավորած անձինք, այլ արդեն Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների հովանավորյալները:

Գոնե ասեին, ուրախանար, որ, օրինակ, «Դատապարտյալների հիվանդանոց» մասնագիտացված քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ է նշանակվել ՔԿԾ կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժնի գլխավոր մասնագետը, ով Նիկոլ Փաշինյանի կողակցի՝ Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինն է:

Իսկ միգուցե ասե՞լ են, թե՞ դա էլ են թաքցրել, ինչպես, օրինակ, թաքցրել են, որ «Արմավիր» ՔԿՀ-ում դաժան ծեծի է ենթարկվել մի շատ հայտնի կալանավորված անձ:

Ինչևէ, ՔԿԾ-ում կարող են հանգիստ շունչ քաշել… Եկավ, գնաց… Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ, ի դեպ, արդեն կարող է հանգիստ շունչ քաշել…

Տեսանյութեր

Լրահոս