Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով հսկող դատախազն անցել է մարտի 1-ի գործով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով հսկող դատախազ է նշանակվել Գորիկ Հովակիմյանը: Ուշագրավն այն է, որ նա անցել է «Մարտի 1»-ի գործով:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գորիկ Հովակիմյանի դեմ «Մարտի 1»-ի գործով չերյոմուխայից վնասվածք ստացած անձանցից մեկը ցուցմունք է տվել, թե Հովակիմյանը իր աշխատասենյակում բռնության է ենթարկել իրեն, ինչը դարձել է քննության առարկա, եւ հետագայում գործը կարճվել է: Ի դեպ, Հովակիմյանը անգամ 2018 թվականին ՀՔԾ-ում՝ ներկայիս Հակակոռուպցիոն կոմիտեում, հարցաքննվել է որպես վկա:
Հիշեցնենք, որ խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի առավոտյան ՀՀ ազգային ժողովի դիմաց մեծ թվով անձանց կողմից խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին է: Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահը տեղափոխվել էր հիվանդանոց եւ վիրահատության ենթարկվել: Այս միջադեպից երեք տարի անց նախաքննական մարմինը երկու անձանց է օրերս կալանավորել, որոնք չեն ընդունում, որ ծեծել են Արարատ Միրզոյանին»: